Մի քանի օր առաջ Քարմելում էի՝ Խաղաղ օվկիանոսի ափին (ԱՄՆ): Երկրագնդի տարբեր հատվածներից տարբեր ազգության ու մշակույթի մարդիկ եկել էին Քարմել՝ հանգստանալու: Օվկիանոսն այնքան էլ խաղաղ չէր, ժամանակ առ ժամանակ հզոր ալիքները խփում էին ափին և շրջապատը լցնում օվկիանոսի բուրմունքով ու ալիքների շառաչյունով: Եղանակը հիանալի էր. մերթ ափին նստած, մերթ օվկիանոսի մեջ՝ վայելում էինք Աստծո պարգևած օրը: Ափից 20 մ հեռավորության վրա մի առվակ էր՝ մոտ 30 մ երկարությամբ ու 3 մ լայնությամբ, առվակի մեջ օվկիանոսի ջուրն էր:
Ժամեր շարունակ գտնվելով օվկիանոսի ափին՝ ես նկատեցի, որ այդ առվակի մեջ երեխաներ են խաղում ու մարդիկ են լողում: Զարմանալիորեն, այդ ամբողջ ընթացքում այդ մարդկանցից ոչ ոք՝ ո´չ մեծերը, ո´չ երեխաները, չմոտեցավ օվկիանոսի ափին, ոտքերը չմտցրեց իրական օվկիանոսի ջրերի մեջ: Մինչև մայրամուտ նրանք լողում էին ու խաղում առվակի մեջ, որը լի էր որդերով ու մամուռով: Լուսանկարեցի այդ երկու պատկերները ու ցավով մտածեցի, թե որքա՜ն մարդիկ են ճիշտ այդպես գտնվում Աստծո կողքին, Աստծո՝ Ով կենդանի ջուրն է, կյանքի աղբյուրը, բայց վախենում են սուզվել Նրա մեջ ու իրենց կյանքն անցկացնում են կրոնի ծանծաղուտում: Ինչպես առվակի մեջ օվկիանոսի ջուրն էր, այնպես էլ կրոնի մեջ Աստծո անունն է, բայց ոչ Նրա վեհափառությունն ու զորությունը: Ծեսեր և ավանդույթներ, բայց ոչ հաղորդություն կենդանի Աստծո հետ: