Մարթան 9 տարեկան է: Արդեն 10 օր է՝ նրանց տանն եմ հյուրընկալվել: Նա հետաքրքիր բնավորություն ունի, որի մասին երկար կարելի է խոսել, սակայն ցանկանում եմ պատմել երկու դեպք, որտեղ առավել վառ դրսևորվեցին նրա բնավորության առանձնահատկությունները:
Միասին գնացել էինք սրճարան. զրուցում էինք ու պաղպաղակ ուտում: Արևի ճառագայթներն ընկել էին մեր սեղանին, ուստի տեղափոխվեցինք ավելի զով հատված: Րոպեներ անց այդ սեղանի շուրջ նստեցին երկու աղջիկներ՝ 7-8 տարեկան: Տեղափոխվելիս Մարթան սեղանի վրա էր թողել իր մետաղադրամները: Աղջիկները նստելուն պես նկատեցին դրանք, արագ հավաքեցին ու վազեցին իրենց սեղանին մոտեցող պապիկին: Նրանք թռչկոտելով ու բարձր ծիծաղելով պապիկին պատմում էին իրենց գտած գումարի մասին: Աղջիկներն անսահման երջանիկ էին: Նրանք մետաղադրամները լցրել էին սեղանին, անդադար հաշվում էին և ուրախությունից ճիչեր արձակում: Սկզբում չգիտեի նրանց երջանկության պատճառը և զարմացած հետևում էի գործողություններին: Երբ Մարթան բացատրեց, որ այդ սեղանի վրա է թողել իր գումարը, և երեխաները գտել են դա, նրան առաջարկեցի գնալ ու ետ վերցնել: Նա կտրուկ մերժեց. «Թող մնա իրենց, նրանք շա՜տ ենուրախացել»:
Ես նույնպես երջանիկ էի… Երջանիկ էի Մարթայի համար:
Մարթան ընկերուհու հետ նստեց մեքենայի մեջ, և ուղևորվեցին շրջագայության: Նրանց ուրախությանը սահման չկար: Դա նրանց առաջին շրագայությունն էր: Ընկերուհին այնքան էր ուրախացել, որ ոտքերով հարվածում էր վարորդի՝ Մարթայի հայրիկի նստարանին ու բարձր ծիծաղում: Նրա ուրախությունը գնալով մեծանում էր, ու նա ավելի ուժգին էր հարվածում դիմացի նստարանին: Այլևս չդիմանալով սաստկացող հարվածներին՝ հայրը Մարթային ասում է, որ ընկերուհուն սաստի, որպեսզի նա ոտքերն իջեցնի: Քիչ անց հայրը զղջում է, որ բարկացել է ու Մարթային հարցնում է. «Մա´րթա, ընկերուհիդ վիրավորվե՞ց, որ ասացի այլևս չհարվածի նստարանին»: Մարթան պատասխանում է. «Ես նրան չասացի, որ դու բարկացել ես, ուղղակի ասացի՝ Ջե´յն, քո ոտքերը գետնին հասնում ե՞ն»: Ջեյնը, որ հայերեն չգիտեր ու Մարթայի հետ հաղորդակցվում էր անգլերենով, պատասխանում է՝ իհա´րկե, և անմիջապես ոտքերն իջեցնում է ու դնում գետնին:
Մարթան ապրում է շրջապատին երջանկություն պարգևելով: Աշխարհն ավելի գեղեցիկ կլիներ, եթե յուրաքանչյուրս կրկնեինք Միսաք Մեծարենցի խոսքերը. «Տե՛ր, տո՛ւր ինձ երջանկություն անանձնական»: Մարթան ապրում է Սակրամենտոյում, նա դեռ չգիտի Մեծարենցի մասին, բայց ապրում է նրա խոսքերով:
Մարթան նաև շատ է սիրում պարել: Նա ամենուրեք պարում է, նույնիսկ աստիճանների վրա: