«Սա իմացիր, որ վերջին ժամանակներում…. մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր…. որ աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացել են. նրանցից էլ ետ քաշվի´ր» (Բ Տիմոթ. 3.1-5):
Սարսափելի է, այս բոլորը վերաբերում է ոչ թե աշխարհիկ մարդկանց, այլ աստվածապաշտության կերպարանք ունեցողներին:
Վերոնշված մեջբերումից ցանկանում եմ առանձնացնել հպարտությունը:
Մարդիկ, սովորաբար, մտածում են, որ հպարտությունը բնորոշ է մեծահարուստներին, հաջողակներին, ղեկավարի դիրքում գտնվողներին: Ո´չ, հպարտությունը բնորոշ է յուրաքանչյուր մարդու`լինի աղքա՞տ, թե՞ հարուստ, հանրահռչա՞կ, թե՞ անհայտ… Սա մի ախտ է, որը կործանում է իրեն հավատարիմ մնացողին: Հպարտությունը սեփական անձի գռեհիկ մեծարումն է, և այս ախտը հետապնդում է յուրաքանչյուրին:
Ե՞րբ է թաքնված հպարտությունն ի հայտ գալիս: Որոշ մարդկանց մոտ դա կարող է հայտնվել մեծ հաջողությունից հետո, երբ նա հանրահռչակ է դառնում կամ` ղեկավարի բարձր դիրքի հասնում: Հպարտությունը մարդու ներսում կարող է աննկատ ձևավորվել նաև այն ժամանակ, երբ շուրջբոլորը մեծարող խոսքեր են շռայլում`երբեմն անկեղծ, երբեմն`քծնելով: Հպարտությունը ծնվում է նաև աղքատության մեջ: Գտնվելով սոցիալապես անապահով վիճակում՝ ոմանք խելահեղ պարտքերի մեջ են հայտնվում. պճնվում են, օգտվում բարձրակարգ հյուրանոցներից ու ռեստորաններից… Հպարտությունը նրանց պարտադրում է մտնել խելահեղ մրցավազքի մեջ, տառապել կողքինից ետ չմնալու մոլուցքով:
Հպարտ մարդը սահմաններ չի ճանաչում և մոռանում է, թե Տերը ում միջոցով իրեն բարձրացրեց: Աբրահամն ու Ղովտը օտարության մեջ միասին էին: Ղովտը Աբրահամի կողքին էր և օգտվում էր նրա օրհնություններից, սակայն մտածեց, որ իր ընդունակությունների շնորհիվ է մեծ հարստության տեր դարձել: Երբ նրանց հովիվները արոտավայրերի հետ կապված խնդրի պատճառով վիճեցին, Աբրահամը Ղովտին առաջարկեց առանձնանալ և մեծահոգաբար ասաց, որ նա առաջինն ընտրի իրեն դուր եկած բնակավայրը: Ղովտը, մոռանալով, թե ում կողքին է կանգնած, անմիջապես օգտվեց հնարավորությունից և ընտրեց լավագույն հողակտորը: Նա իր ողջ ունեցվածքով առանձնացավ Աբրահամից: Փորձությունը չուշացավ. թշնամին հարձակվեց Ղովտի վրա ու թալանեց ամենը: Նյութապես ապահովված լինելու հպարտությունն այն աստիճան էր կուրացրել Ղովտին, որ նա չէր մտածել`արդյո՞ք կկարողանա դիմագրավել թշնամուն` առանց Աբրահամի կողքին գտնվելու: Աբրահամը մեծահոգաբար օգնության շտապեց: Նա հետապնդեց թշնամուն և մինչև «վերջին թելը» վերադարձրեց Ղովտին (Ծննդ. 14.10-16): Աբրահամը մնաց խոնարհ դիրքում, քանի որ գիտակցում էր, թե ունեցվածք ու հաղթանակ պարգևողն Ով է:
Հպարտությունը կուրացնում է մարդուն, զրկում առողջ դատելու կարողությունից ու ողջախոհությունից: Դավիթ թագավորի խորհրդականը`Աքիտոփելը, ինքնասպանություն է գործում, քանի որ Աբիսողոմին ու պալատականներին տված իր խորհուրդն անարգվել էր: Աքիտոփելն իմաստուն անձ էր. «Եվ Աքիտոփելի խորհուրդը, որ նա այն օրերին տալիս էր, նման էր նրան, որ մեկը Աստծո խոսքը հարցներ. այսպես էր Աքիտոփելի ամեն խորհուրդը թե´ Դավթի, թե´ Աբիսողոմի համար » (Բ Թագավ. 16.23): Բայց տվյալ դեպքում տերերի Տերն այլ ցանկություն ուներ, և «Աբիսողոմն ու Իսրայելի բոլոր մարդիկ ասացին. «Քուսիի խորհուրդը լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»: Եվ Տերը հրամայել էր, որ Աքիտոփելի լավ խորհուրդն անտեսվի, որպեսզի Տերը Աբիսողոմի վրա չարիք բերի» (Բ Թագավ. 17.14): Իմաստություն տվողը և իրավիճակները հսկողը Տերն է, բայց Աքիտոփելը դա չհասկացավ: «Եվ Աքիտոփելը տեսավ, որ իր խորհուրդը չկատարվեց, գնաց իր տունը, իր քաղաքը…. ու իրեն խեղդեց ու մեռավ» (Բ Թագավ. 17.23):
Հպարտությունը նաև խստացնում է մարդու սիրտը, նրան դարձնում է դաժան: Նաբուգոդոնոսոր թագավորի մասին գրված է. «…. որին որ ուզում էր`սպանում էր, և որին որ ուզում էր`ապրեցնում էր, և որին որ ուզում էր` բարձրացնում էր, և որին որ ուզում էր`ցածրացնում էր: Բայց երբ նրա սիրտը հպարտացավ, և նրա հոգին խստացավ ամբարտավանությամբ, նա ընկավ իր թագավորության աթոռից, ու նրա պատիվն առնվեց նրանից» (Դանիել 5.19,20):
Հպարտ մարդն անսանձ է դառնում ու պիղծ գործողության դիմում`չմտածելով, որ տիեզերքն արարող Աստված է տերերի Տերը. «Եվ նրանք հպարտացան ու պղծություններ արին Իմ առաջ, և նրանց վերացրի հենց տեսա» (Եզեկ. 16. 50):
Ոմանք, անարգելով կամ չճանաչելով Աստծո կամքը, փորձում են ինքնամեծարումով հաստատվել, ինչպես Ադոնիան. «Եվ Ագգիթի որդի Ադոնիան հպարտացավ` ասելով. «Ես թագավոր լինեմ», և իր համար կառքեր ու ձիավորներ պատրաստեց…» (Գ Թագավ. 1.5): Աստված այլ ծրագրեր ուներ և, չնայելով Ադոնիայի գործողություններին և այն մեծապատիվ մարդկանց, ովքեր նրա կողքին էին, ավիրեց բոլոր ծրագրերն ու գործողությունները: Թագավոր օծվեց Սողոմոնը:
Տերն անպատմելի համբերատար է ու բազմաողորմ, սակայն չապաշխարողների նկատմամբ անխնա է. «Զորաց Տերը մեկ օր ունի ամեն ամբարտավանության ու բարձրության դեմ և ամեն հպարտացածների դեմ, և նրանք պիտի ցածրանան» (Եսայի 2.12):
«Գիտությունը հպարտացնում է, բայց սերը շինում է» (Ա Կորնթ. 8.1):
Ինչպես լույսի մեջ չկա խավար, նույնպես սիրո և հեզության մեջ չկա հպարտություն: «Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում» (Ա Կորնթ. 13.4):
«Ձեզ վրա առե´ք Իմ լուծը և Ինձնից սովորե´ք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» (Մատթ. 11.29):
Տերը հեզահոգիներին, Իր կամքը կատարողներին փառք է տալիս, պատվում է, բայց նրանք հասկանում են, որ փառքը տվողը և փառքի տերը միայն Աստվածն է. «Մարդու ամբարտավանությունը նրան կկործանի, բայց հեզահոգին փառք կստանա» (Առակ. 29.23):
Ով փորձում է Տիրոջ տված փառքն իրեն վերագրել կամ`մարդկանցից փառավորվել, անպատմելի դաժան վախճան է ունենում. «…. Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, ատյանում նստած էր և հրապարակավ ատենաբանում էր: Ամբոխն աղաղակում էր, թե դա Աստծո ձայն է, ոչ թե մարդու: Եվ իսկույն Տիրոջ հրեշտակը զարկեց նրան, որովհետև Աստծուն չտվեց փառքը, և որդերով լցվեց ու մեռավ» (Գործք 12.21-23):
Փառքը և մեծարանքը կարող են ուղղված լինել միայն արարիչ Աստծուն, քանի որ միայն Նա է հավիտենությունը պահում ափերի մեջ, Նա է անգերազանցելին, անսկիզբն ու անվախճանը: Մարդը փառքը կրելու ընդունակություն չունի, քանի որ փառքն այնպիսի հատկություն ունի, որ ոչնչացնում է նրան, ով ցանկանում է իրեն ապօրինաբար սեփականացնել: Քանի-քանիսն են կործանվել փառքի ու հպարտության բեռից:
«Եվ մի´ տար մեզ փորձության, այլ ազատի´ր մեզ չարից, որովհետև Քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն» (Մատթ. 6.13): Հիսուս Քրիստոսի սովորեցրած այս աղոթքը ևս մեկ անգամ հաստատում է, որ փառքի տերը Աստվածն է: