Հունիս 30, 2017 Warrior

ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

Ի՞նչ է բարկությունը, զայրույթը:

Բարկության ավերիչ գործողությունները:

Ինչպե՞ս ձերբազատվել բարկությունից:

Այս հարցերին պատասխանելու համար անդրադառնանք Աստվածաշնչին ու ժամանակակից բժշկությանը:

Ի՞նչ է բարկությունը

Համաձայն ժամանակակից բժշկության`բարկությունը զգացում է՝ իր մտային, հոգենյարդային, սրտանոթային, վարքային և այլ դրսևորումներով:

Հիմնականում բարկություն են համարում միայն բուռն դրսևորված վարքը`ձայնի բարձրացում, ցասում, մինչդեռ բարկությունը կարող է արտահայտվել նաև լռությամբ ու ճնշվածությամբ. այս դեպքում ևս մարդը կարող է դառնալ բարկության գերի և իր հետագա քայլերը կատարել բարկությունից դրդված։ Ճնշված, արտաքուստ չդրսևորված բարկությունն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր անդադար ինքնաքննադատությամբ են զբաղվում կամ չեն արտահայտում իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունը տարբեր երևույթների նկատմամբ:

Բարկություն առաջացնող պատճառները բազմաթիվ են՝ հոգնածություն, ցավ, ֆինանսական և սոցիալ-տնտեսական  խնդիրներ, սով, ժամանակի վատ կառավարում, ձախողումներ, հիասթափություններ, չիրականացած սպասումներ, սեփական «ես»-ի ոտնահարման զգացում, կուտակված բացասական զգացմունքներ, կանանց մոտ նախադաշտանային համախտանիշ և կլիմաքտերիկ շրջան, ալկոհոլի և որոշ դեղերի ընդունում, հարազատի կորուստ և այլն։

Անդրադառնանք «բարկություն» երևույթի աստվածաշնչյան բացատրությանը: «Եվ հայտնի են մարմնի գործերը՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ…. Այսպիսի բաներ գործողներն Աստծո արքայությունը չեն ժառանգի» (Գաղատ. 5.19-21):

Հիշեցման կարգով՝ անդրադառնամ բժշկական մեկնաբանմանը. «Բարկությունը զգացում է՝ իր մտային, հոգենյարդային, սրտանոթային, վարքային և այլ դրսևորումներով»: Ամբողջությամբ ընդունելով այս մեկնաբանումը՝ գերապատվությունը տալիս եմ Աստծո Խոսքին, ըստ որի՝ բարկությունը մարմնի ցանկությունը դրսևորող գործողություն է, և բարկացող մարդը Աստծո արքայությունը չի ժառանգի: Արդեն նշվեց, թե ինչ երևույթներ ու հանգամանքներ կարող են բարկության պատճառ հանդիսանալ: Այդ ամենին ցանկանում եմ ավելացնել նաև հիմարությունը և հպարտությունը: «Մի՛ շտապիր հոգովդ բարկանալու, որովհետև բարկությունը հիմարների ծոցում է հանգչում» (Ժողով. 7.9): Հպարտությունը, մեծամտությունը մարդուն ստիպում են իրեն բարձր դասել դիմացինից, ականջալուր չլինել զրուցակցին ու բարկացած, ամբարտավան ձևով առաջ տանել սեփական ցանկությունները: Նման օրինակ տեսնում ենք Աստվածաշնչում. «Եվ նրանք Ոզիա թագավորին դեմ կանգնեցին և ասացին նրան. «Քո գործը չէ, ո՛վ Ոզիա, որ խունկ ծխես, այլ Ահարոնի որդի քահանաներինը, ովքեր սրբված են՝ խունկ ծխելու: Դո՛ւրս եկ սրբարանից, որովհետև հանցանք գործեցիր, և սա քեզ համար Տեր Աստծուց պատիվ չէ»: Եվ Ոզիան բարկացավ, և ձեռքին էր բուրվառը, որ խունկ ծխի: Եվ նա քահանաների վրա բարկանալիս`բորոտությունը երևաց նրա ճակատին…. և նրան շուտով այնտեղից դուրս հանեցին, և հենց ինքն էլ շտապում էր դուրս գալու, որովհետև Տերը նրան զարկել էր: Եվ Ոզիա թագավորը բորոտ էր մինչև իր մահվան օրը» (Բ Մնաց. 26.18-21): «Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը, բայց փառքից առաջ գնում է խոնարհությունը» (Առակ. 18.12):

Ինչպե՞ս ազատվել բարկությունից

Մարդը չի կարող մշտապես հսկել զգացմունքները և խուսափել բարկանալուց, այդ պատճառով նա պետք է ունենա նորոգված մտածելակերպ և որոշում`ինչ էլ լինի`չբարկանալ, առավել ևս` չբարձրացնել ձայնը, չենթարկվել մարմնի ցանկությանը: «Որովհետև եթե մարմնավորապես ապրեք՝ կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք`կապրեք» (Հռոմ. 8.13): Այս որոշումը մարդկորեն պահելն անհնար է, բայց երբ փափագում ու աղոթում ես, որ քո ներսի մարդու մեջ ձևավորվեն Սուրբ Հոգու պտուղները. «…. սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն» (Գաղատ. 5. 22,23), բարկանալու առիթ լինելու դեպքում`Սուրբ Հոգու պտուղներն են դրսևորում: Ինչպիսի իրավիճակ էլ լինի, առաջնորդվում ես սիրով, բարությամբ, հեզությամբ ու երկայնամտությամբ, քանի որ քո ներսի մարդն արդեն լցված է դրանցով: Բնավորության այս գծերն օգնում են ճիշտ վերլուծելու իրավիճակը և համապատասխան որոշում կայացնելու:  Իրավիճակն անհրաժեշտ է վերլուծել Սուրբ Հոգով առաջնորդվելով: Լինում են դեպքեր, երբ թվում է՝ բարկությունն ու ցասումն անխուսափելի են, բայց Սուրբ Հոգին ոչ միայն թույլ չի տալիս քաղցրությամբ խոսել, այլև թելադրում է լռել: Արդարամիտ մարդու համար չափազանց դժվար է տեսնել անօրինությունն ու լռել, բայց հնազանդությունը պտուղ ունի: Տերը խոսելու և գործելու Իր ժամանակն ունի: Հիշենք Դավթին: Հոր հորդորով՝ Դավիթը կերակուր էր տարել պատերազմի դաշտում գտնվող եղբայրներին: Հենց նրանց մոտ էլ նա լսում է, թե ինչպես է Գողիաթը հոխորտանքով անարգում իսրայելացիներին: Տեսնելով, թե ինչպես է ժողովուրդը վախեցած փախչում`Դավիթը հետաքրքրվում է, թե ինչ կանեն այն մարդուն, ով Գողիաթին կմեռցնի ու նախատինքը Ւսրայելից կվերացնի: Ավագ եղբայրը`Եղիաբը, երբ լսում է Դավթի խոսակցությունը ժողովրդի հետ, բարկանում է. «…. Դավթի վրա Եղիաբի բարկությունը բորբոքվեց և ասաց. «Դու ինչո՞ւ իջար այստեղ…. Ես քո հպարտությունը և սրտի չարությունը գիտեմ….» (Ա Թագավ. 17.28): Դավիթը չի փորձում քաղցրությամբ պատասխանել եղբորը, արդարանալ, նաև չի բարկանում ու  վիրավորվում: Դավթի ուշադրությունը կենտրոնացած էր կարևորագույնի վրա`վերացնել հոխորտացող սպառնալիքը: Տիրոջ օգնությամբ նա սպանում է Գողիաթին (տես՝ Ա Թագավ. 17.51):

Լինում են իրավիճակներ, երբ անօրինությունը կանխելու համար Տերը համապատասխան խոսք է տալիս ու առաջնորդում իմաստուն գործողության: Հիշենք Մուրթքեին: Համանը բարկությունից ու հպարտությունից դրդված`ցանկանում էր ոչ միայն սպանել Մուրթքեին, այլև երկրի երեսից ջնջել հրեա ազգին: Մուրթքեն նրա բարկությանը բարկությունով չպատասխանեց և ոչ էլ ներկայացավ թագավորին`նրան հիշեցնելու, որ տարիներ առաջ իր իսկ ձեռքով կանխվել էր թագավորի դեմ կազմակերպված դավադրությունը: Նա իմաստուն ձևով վերլուծում է իրավիճակը, որից հետո Եսթեր թագուհուն հանձնարարություն է տալիս և հրեաներին առաջնորդում եռօրյա ծոմի ու աղոթքի: Նրա ապավենը հավիտենությունն ափերի մեջ պահող Արարիչ Աստվածն էր: Իրավիճակը ճիշտ վերլուծելու և համապատասխան գործողություններ կատարելու արդյունքում ամբարտավան, հոխորտացող Համանը կախվում է այն փայտից, որը զայրույթի թելադրանքով պատրաստել էր Մուրթքեի համար: Մուրթքեն իրավիճակը ճիշտ վերլուծելու և Աստծուն ապավինելու շնորհիվ ոչ միայն մի ողջ ազգի է փրկում մահից, այլև փառքի ու մեծարման է արժանանում (տես՝ Եսթերի գիրք):

Աստվածաշնչում կան ավելի պարզ ու հստակ խորհուրդներ. «Բայց հիմար և անկիրթ վիճաբանություններից ե՛տ քաշվիր՝ իմանալով, որ դրանք կռիվներ են ծնում: Բայց Տիրոջ ծառային պետք չէ կռիվ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չպահող: Հակառակողներին հանդարտությունով խրատել….» (Բ Տիմոթ. 2.23-25): Իհարկե, ոչ բոլորն են խոնարհեցնում ականջը`խրատ լսելու: Այդ ժամանակ պետք չէ «մարգարիտները խոզերի առաջ լցնել», պարզապես անհրաժեշտ է հեռանալ:

Յուրաքանչյուրը պիտի հիշի, որ մարդիկ տարբեր են բնավորությամբ, մտածելակերպով, իրավիճակներին արձագանքելու սովորությունով, և ինքը չէ, որ կանչված է այդ մարդկանց փոխելու, առավել ևս, երբ այդ մարդիկ չեն ըմբռնում, թե ինչ է պահանջվում իրենցից և ինչու պետք է իրենք ենթարկվեն այդ պահանջին: Կա մի հրաշալի խորհուրդ. «Եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխի՛ր վերաբերմունքդ տվյալ իրավիճակի նկատմամբ»: Սա հնարավորություն է տալիս չբարկանալու, առավել ևս` առ այսօր երկրագնդի վրա որևէ մեկը չի փոխվել դիմացինի բարկանալու, բարձր տոնով անարգալից խոսքեր լսելու  շնորհիվ:

Բարկությունը, ցասումը ոչ միայն վտանգավոր են բարկացողի համար, այլ նաև այն մարդու, ում ուղղված են: Գուցե բարկացողը հանդարտվի, խաղաղվի, բայց նրա անարգալից խոսքերը դեռ երկար ժամանակ վիրավորված կպահեն դիմացինին: Այս պատճառով է  ասվում. «Եթե սեղանի վրա մատուցես քո ընծան և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ մի բան ունի, թո՛ղ քո ընծան սեղանի առաջ և գնա՛ հաշտվիր եղբորդ հետ, հետո ե՛կ ու ընծադ մատուցի՛ր» (Մատթ. 5.21,22):

Բարկության պատճառով բազմաթիվ հրաշալի ծրագրեր անկատար են մնում: Ծրագիրն իրականացնող կողմերը ոչ հարգալից վերաբերմունքի, փոխզիջմանն անպատրաստ լինելու, սիրո ու երկայնամտության բացակայության պատճառով բախվում են, բարկանում, վիճում, տեղ տալիս երկպառակությանը… Արդյունքում`տապալվում է մի հրաշալի ծրագիր, որը կարող էր երջանկացնել շատերին:

Բարկությունից խուսափելու համար անհրաժեշտ է Աստծո Հոգով վերլուծել իրավիճակը և կառուցողական դիրքից վարել գործողությունները: Դիմացինի հետ վարվել այնպես, ինչպես կուզեիր քեզ հետ վարվեին:

Երբեմն պատահում է, որ մարդը դիմացինին նույն բանն ասում է օրեր, ամիսներ, տարիներ շարունակ, բայց առիթը ներկայանալու դեպքում տեսնում է, որ նա ամեն ինչ արել է այնպես, ինչպես միշտ, կարծես իրեն ոչինչ չի ասվել: Պետք չէ բարկանալ, սակայն դա չի նշանակում, որ անհրաժեշտ է հարաբերությունները պահել նույն մակարդակի վրա ու գերի մնալ անվերջ սխալը կրկնողին: Պետք է իմաստուն եզրահանգում անել և անցնել կառուցողական գործողությունների այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են քեզ հետ համագործակցելու: Իսկ եթե այդ մարդը տանդ անդամն է`ամուսինդ, երեխադ… հոգսդ տո՛ւր Աստծուն. միայն Նա կարող է քո բարեխոսական աղոթքների միջոցով շտկել իրավիճակը: «Որովհետև, թե ինչի համար պիտի աղոթք անենք, ինչպես արժան է, չգիտենք, բայց Ինքը՝ Հոգին, անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում: Եվ սրտերը քննողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է» (Հռոմ. 8.26):

Ինչո՞ւ չբարկանալ

Չպետք է բարկանալ, որովհետև բարկությունն ավիրում է մարդու ներսը և զրկում գեղեցիկը ստեղծելու հնարավորությունից:

 Համաձայն բժշկական հետազոտությունների՝ բարկությունը նպաստում է սրտանոթային հիվանդությունների, խոցի, շատակերության, դեպրեսիայի, անքնության զարգացմանը, բարձրացնում է ադրենալինի և այլ կենսաբանական ակտիվ նյութերի քանակությունն արյան մեջ։

Աստվածաշնչի համաձայն՝ բարկացողները «Աստծո արքայությունը չեն ժառանգի» (Գաղատ. 5.21):

Խելամիտ մարդիկ, Աստծո Հոգով առաջնորդվելով և կառուցողական բնավորություն դրսևորելով, կվերացնեն բարկություն ծնող պատճառները, որովհետև «…. բարկությունը հիմարների ծոցում է հանգչում» (Ժողով. 7.9):

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00