«…. Վերջին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր…. ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ….
ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր, որ աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացած են. նրանցից ե´տ քաշվիր» (Բ Տիմոթ. 3.1-5): Մարդկությունն ապրում է վերջին ժամանակներում: Բնականաբար, Տիրոջից կոչում ունեցող մարդիկ նույնպես այդ ժամանակահատվածի մեջ են: «Մի´ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե´ք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք, թե ինչ է Աստծո կամքը`բարին, հաճելին և կատարյալը»
(Հռոմ. 12.2): Աստվածաշնչյան այս խոսքերը մարդիկ թեև կարդում են, սակայն շատերը, բախվելով տարբեր խնդիրների, հիասթափվում են, Տիրոջից ստացած զենքերը վայր դնում ու հեռանում այն կոչումից, որ Աստված ուներ նրանց համար դեռևս այն ժամանակ, երբ նրանց ոսկորները ձևավորված չէին իրենց մոր արգանդում: Հիասթափությունը ծնում է վիրավորանք, քննադատություն, բամբասանք… Այս ամենը Տիրոջից կոչում ունեցող մարդուն ընկղմում են ճահճի մեջ: Չկա ավելի սարսափելի երևույթ, քան կոչումից հեռացած մարդու կյանքը: Երկիր մոլորակի որ հատվածում էլ նա ապրի, լինի շքեղության թե աղքատության մեջ, միևնույնն է, նրա ներսում դժոխքն է ապրում. բարկությունը, քննադատությունը, ատելությունն անհագ ձևով կրծում են նրա միտքը: Եվ այս ամենը միայն այն պատճառով, որ նա ճանաչել է Տիրոջից իրեն տրված կոչումը, փորձել է «մտնել» այդ կոչման մեջ, գուցե և արդեն սկսել է ծառայել, փառավորել միակ Աստծուն, բայց առաջացել են խոչընդոտներ. հայտնվել են աստվածապաշտ համարվող, բայց աշխարհի կերպարանք հագած մարդիկ ու խանգարել են նրան իրենց գործողություններով`արգելքներ են ստեղծել, սահմանափակել են նրա ծառայությունները կամ ցանկացել են նրան հեռացնել տվյալ միջավայրից:
Ողբերգությունն այն է, որ իր ծառայություններով Տիրոջը փառավորող մարդը, չդիմանալով հարվածին, նույնպես այս աշխարհի կերպարանքն է հագնում և սկսում է առաջնորդվել Հին ուխտի «Աչքի տեղ`աչք, ատամի տեղ`ատամ» պատվիրանով (Ելից 21.24): Երբեմն էլ իրեն հալածողների պատիժը տեսնելու համար Դավիթ թագավորի նման աղոթքով աղաղակում է. «Ո´վ Աստված, փշրի´ր նրանց ատամները…. Թող հալվեն նրանք ջրի նման…. Կնոջ վիժածի նման լինեն, որ արևը չտեսնեն» (Սաղմ. 58.6-8):
Սիրելինե´րս, սա Հին ուխտում էր. սա ոչ միայն այլևս չի գործում, այլև կործանում է այս ձևով աղոթող մարդուն, քանի որ նա խախտում է Նոր ուխտում գրված պատվիրանը: Հիսուս Քրիստոսն ասաց. «Սիրե´ք ձեր թշնամիներին, բարի´ արեք ձեզ ատողներին, օրհնե´ք ձեզ անիծողներին, աղոթե´ք ձեզ նեղացնողների համար» (Ղուկ. 6.27,28): Կոչման մեջ մտնելու կամ կոչման մեջ հաստատվելու և գործելու ամբողջ գաղտնիքը սա է: Երբ մարդն այսպես է վարվում, ամեն ինչ տեսնող, սրտեր քննող, արդարադատ ու երկայնամիտ Աստված համապատասխան ձևով գործում է թե´ հալածողի և թե´ հալածվողի կյանքում: Պարզապես, անհրաժեշտ է ամբողջությամբ վստահել Նրան և լսել, թե որ պարագայում ինչ պետք է անել:
Հիսուս Փրկիչը նույնպես հալածվում էր: Նրան նախանձում էին, զրպարտում, նույնիսկ փորձում սպանել… Ի՞նչ էր անում Նա: Հիսուսն առանձնանում էր Հոր հետ, ամեն բան պատմում Նրան ու ամեն բան Նրանից ստանալով`շարունակում էր գործել այն կոչման համաձայն, որի համար ուղարկվել էր: Նա ոչինչ Իրենից չէր անում. «Ես Ինձանից ոչինչ չեմ կարող անել. ինչպես լսում եմ, այնպես եմ դատում, և Իմ դատաստանն արդար է, որովհետև Իմ կամքը չեմ որոնում, այլ Ինձ ուղարկող Հոր կամքը» (Հովհ. 5.30): Սա նույնպես հաղթանակ ունենալու առանձնահատկություններից է: Հալածվող մարդը կոչման մեջ մտնելու և հաստատվելու համար ՄՇՏԱՊԵՍ պետք է առաջնորդվի Սուրբ Հոգով:
Դավիթ թագավորը նույնպես անպատմելի հալածանքներ էր կրում, բայց յուրաքանչյուր քայլ անելիս առաջնորդվում էր Տիրոջ Խոսքով. «Դավիթն իմացավ, որ Սավուղն իր համար չարություն է հնարում, և Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրու»: Եվ Դավիթն ասաց. «Ո´վ Եհովա, Իսրայելի´ Աստված, Քո ծառան լսեց, որ Սավուղն ուզում է գալ Կեիլայի վրա, որ փչացնի քաղաքն իմ պատճառով: Արդյո՞ք Կեիլայի բնակիչները ինձ նրա ձեռքը կմատնեն և արդյո՞ք Սավուղը կիջնի Կեիլայի վրա: Ո´վ Եհովա, Իսրայելի´ Աստված, աղաչում եմ` ծառայիդ հայտնի´ր»: Եվ Տերն ասաց. «Կիջնի»: Եվ Դավիթն ասաց. «Կեիլայի բնակիչներն ինձ ու իմ մարդկանց Սավուղի ձեռքը կմատնե՞ն»: Եվ Տերն ասաց. «Կմատնեն»: Եվ Դավիթն ու նրա մարդիկ` վեց հարյուրի չափ, վեր կացան ու գնացին….» (Ա Թագ. 23.9-13):
Հալածանքները կարող են լինել ամենատարբեր պատճառներով և ամենատարբեր ճանապարհներով:
Նեեմիային հալածում էին և խանգարում էին կառուցելու Երուսաղեմի պարիսպը` նախանձից ու վախից դրդված: Նրան և, ընդհանրապես, հրեա ժողովրդին ատողները վախենում էին, որ նա կբարձրանա, կհզորանա: Նեեմիան նայում էր իրեն առաջնորդող Աստծուն և գործում էր միայն Նրա հրահանգների համաձայն, հակառակ դեպքում նա կհայտնվեր թշնամու հյուսած թակարդում. «Այն ժամանակ…. մարդ ուղարկեցին ինձ մոտ և ասացին. «Եկ միասին հանդիպենք….», բայց նրանք մտածում էին, որ ինձ չարություն անեն: Ես նրանց մոտ պատգամավորներ ուղարկեցի`ասելով. «Ես մեծ գործով զբաղված եմ և չեմ կարող իջնել….»» (Նեեմիա 6.2,3): Նեեմիան Տիրոջից տեսիլք ուներ և համակ ուշադրությամբ կենտրոնացած էր այդ տեսիլքի իրականացման վրա, ոչ թե սատանայի որոգայթներում հայտնվելու, նրա հարվածներն ընդունելու, ինքնախղճահարման ճահճի մեջ սուզվելու և հալածողներին դատելու:
Հալածողներն ունեն նաև մեկ այլ շարժառիթ. նրանց թվում է, թե իրենք ավելի լավ են ճանաչում Տիրոջը և Նրա ցանկությունները տվյալ գործի կամ տվյալ անձի վերաբերյալ: Այդ պատճառով խանգարում են` չհասկանալով, որ իրենց գործողություններով Տիրոջ կամքի դեմ են դուրս գալիս: Այդպիսի իրավիճակում էր հայտնվել Սողոսը (ով հետագայում դարձավ Պողոս առաքյալ) Հիսուս Փրկչի հետևորդներին հետապնդելիս. «Բայց Սողոսը, սպառնալիք ու մահ շնչելով աշակերտների վրա, քահանայապետի մոտ եկավ ու նրանից թղթեր խնդրեց…. որ եթե մեկին գտնի այն ճանապարհին հետևող`մարդիկ կամ կանայք, նրանց կապած բերի Երուսաղեմ» (Գործք 9.1,2):
Տերը հրաշալի գիտի, որ իր կոչմանը հետևող յուրաքանչյուր աստվածապաշտ մարդու ճանապարհին սատանան օգտագործում է ամենատարբեր մարդկանց` թե´ աշխարհիկներին, թե´ եկեղեցի այցելող, բայց աշխարհի կերպարանք ունեցող քրիստոնյաներին: Այդ պատճառով է նա ասել. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմ. 8.31): «Ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին….» (Ա Հովհ. 5.4): Այդ հաղթանակը ծնվում, հասունանում և նյութական աշխարհում դրսևորվում է միայն այն ժամանակ, երբ հալածվող մարդը, Աստծուն վստահելով, Նրա խոսքին հավատալով, շարժվում է առաջ, միայն առաջ, ոչ թե երկու քայլ առաջ և երեք քայլ ետ: Վիրավորանքն ընդունելը կամ հալածողին դատելը նշանակում է ետ քայլ անել, որն անկման է առաջնորդում, սպանում հաղթանակը, Տիրոջից ստացած տեսիլքն ու կոչումը:
Կան հալածանքներ, որոնք նույնիսկ օգտակար են, քանի որ դրանց դիմակայելիս են մարդու մոտ ձևավորվում Սուրբ Հոգու պտուղները. «…. Սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. այսպիսիների դեմ օրենք չկա» (Գաղատ. 5.22): Հալածանքն է մարդուն կանգնեցնում ընտրության առաջ` ենթարկվել մարմնի և շնչի ցանկությանը ու նահանջե՞լ, թե՞անսասան կանգնել և իրեն զորացնող Տիրոջ օգնությամբ ու Սուրբ Հոգու առաջնորդությամբ շարունակել իրականացնել Տիրոջ կամքը:
Իհարկե, կան նաև անհարկի հալածանքներ, որոնք անհրաժեշտ է շրջանցել Սուրբ Հոգու առաջնորդությամբ:
Այս աշխարհի իշխանը սատանան է: Հիսուս Փրկիչն ասաց. «…. գալիս է այս աշխարհի իշխանը և ոչինչ չունի Ինձանում» (Հովհ. 14.30): Սատանան ճիգ է գործադրում, որ ատելությունն ու թշնամանքը թագավորեն մարդկային փոխհարաբերություններում` թե´ եկեղեցիներում, թե´ այլ միջավայրում: Հաղթում է միայն նա, ով մնում է Խոսքի մեջ, ով մշտապես առաջնորդվում է Սուրբ Հոգով: Լինում են պահեր, երբ նա էլ է սայթաքում, մեղանչում, բայց աչքերը չի կտրում բազմագութ Աստծուց, ապաշխարում է ու Նրա ողորմությամբ ոտքի կանգնում:
Այս երկրի վրա դժվար թե գտնվի մեկը, ով մտել է աստվածային կանչի մեջ առանց հալածանքների, խոչընդոտների: Եվ, վերջին հաշվով, կարևորը հաղթելը չէ, այլ հաղթանակի մեջ աստվածահաճո վարքագիծ դրսևորելն ու Հիսուս Փրկչի երկրորդ գալուստի ճանապարհը պատրաստելը:
Մարդն ինքն է որոշում` կշարունակի՞ ապրել քննադատելով, մարդկանց մեղադրելով, քարկոծելով ու, այդ ամենով հանդերձ, կոչումից հեռանալով, թե՞ կհավաքի «նետած քարերը», քանի որ գրված է. «Ամեն բանի ժամանակ կա…. քարեր գցելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ….» (Ժողով. 3.1,5): Կապաշխարի՞ արդյոք Աստծո Խոսքից դուրս գալու, տեսիլքից հեռանալու համար, կմոտենա՞ տերերի Տիրոջը, Ում սերը երկայնամիտ է, կհավատա՞ Նրան, Ով ասում է. «Աստծո կոչումը և շնորհքը զղջալ չունի» (Հռոմ. 11.29), կցանկանա՞ լինել այնպիսի մարդ, ով անցնելով փոթորիկների միջով` Պողոսի նման կասի. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքն ավարտեցի, հավատքը պահեցի: Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրում`արդար Դատավորը, և ոչ միայն ինձ, այլև այն բոլորին, ովքեր սիրեցին Նրա հայտնությունը» (Բ Տիմոթ. 4.7,8):