Մարտ 3, 2021 Warrior

ԿՅԱՆՔ ՓՈԽՈՂ ԱՂՈԹՔ։ ՄԱՍ 1

«Քրիստոնեությունը կենդանի հավատք է, որը նշանակում է շփում կենդանի Աստծո հետ, Ով լսում և պատասխանում է աղոթքներին։ Պարզապես օդի մեջ խոսելը դեռ աղոթք չէ։

 ․․․․Եթե աղոթքդ անարդյունք է, պետք է ստուգես մեթոդներդ, այլապես կարիք չկա աղոթելու»։

Քենեթ Հեգին 

 

Ընկերներիցս մեկի ինստագրամյան էջում մի գրություն կարդացի․ «Ծուլությունն ավիրում է մարդու ամբողջ ներուժը»։ Հիշեցի Մայս Մոնրոյի խոսքերը․ «Մեր մոլորակի ամենահարուստ վայրերը Քուվեյթի, Իրաքի կամ Արաբական էմիրությունների նավթահորերը չեն, ոչ էլ Հարավային Աֆրիկայի ոսկու և ադամանդի, նախկին Սովետական Միության ուրանի կամ Աֆրիկայի արծաթի հանքավայրերը։ Հավանաբար, դուք կզարմանաք, բայց մեր մոլորակի ամենահարուստ հանքերը գերեզմանոցներում են։ Հենց այնտեղ՝ հողի տակ են թաղված չիրականացված երազանքները, չերգված երգերը, չգրված գրքերը, չիրագործված գաղափարները, տեսիլքները, նպատակներն ու ծրագրերը։ Գերեզմանները լի են հսկայածավալ ներուժով, որը հենց այդպես էլ մնաց լոկ ներուժ։ Սա մեծ ողբերգություն է»։

 

Ինձ շատերն են դիմում տարբեր խնդրանքներով. «Խնդրում եմ՝ աղոթեք աղջկաս համար», «Օգնեք սննդամթերքով», «Ես անկողնային հիվանդ եմ, տղաս գամված է սայլակին, ամուսինս չի աշխատում, խնդրում եմ, ինչով կարող եք, օգնեք»: Իհարկե, մարդը մարդուն մշտապես պիտի օգնի, սակայն, երբ տեսնում ես, որ դիմողների մեծամասնությունն անգործ նստած է՝ չի աղոթում, չի աշխատում, Աստվածաշունչ չի կարդում, միայն հեռախոսազանգերով ու նամակներով պահանջ-խնդրանքներ է ուղարկում, հասկանում ես, որ նրանք չեն գիտակցում, թե ինչպիսի ներուժ է դրված իրենց մեջ, ինչպիսի կոչում ունեն: Նրանք ապրում են մոխրագույն կյանքով, տառապանքների ու սովի մեջ։

 

Ընտանեկան փոքր ու մեծ խնդիրներից անցում կատարեմ մեր ազգին ու գենին։ Դարերի ընթացքում Հայաստան երկրի և հայ գենի պահպանումը բազմիցս է վտանգված եղել։ Տիրոջ ողորմությամբ փյունիկի նման նորից հառնել ենք։ Վերջին պատերազմի անպատմելի ավիրումից հետո, խոսքս մարդու ներաշխարհի ավիրման մասին է, փորձեցինք «խելքներս գլուխներս հավաքել» ու վերլուծել՝ ինչո՞ւ են մեր հաղթանակները պարտության վերածվում։ Վերլուծությունները տարբեր էին։

 

Նորից անցում կատարեմ, այս անգամ՝ առավել մեծին, գերխնդրին։ Այսօր վտանգի մեջ է մոլորակի բնակչությունը: Covid 19-ի արհեստական ստեղծումն ու կազմակերպված տարածումը, նաև սպասվող պատվաստումները դրա վառ ապացույցն են։ Անկախ նրանից՝ ով որքանով է դա հասկանում, ով ինչպես է դա մեկնաբանում, Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդու նկատմամբ ոճրագործություն է պատրաստվում։

 

Ոմանք հաշտվել են իրենց անձնական անհաջողությունների հետ, ոմանք արտաքին ու ներքին թշնամիներից ծվատվող, արյունաքամ լինող Հայաստան հայրենիքը թողած՝ ապահովություն են փնտրում օտար ափերում, ոմանք մոլորակի բնակչության գլխին կախված Դամոկլյան սուրը բացատրում են «վերջին օրերով, հակաքրիստոսի հայտնվելով․․․»: Այս բոլոր մարդիկ գիտակցաբար կամ անգիտակցաբար խուսափում են Տիրոջ ձեռքով իրենց ներսում դրված ներուժն օգտագործելուց, Տիրոջ Խոսքը կատարելուց։ Նշանակություն չունի, թե այդ մարդիկ որ երկրում են ապրում, ինչպիսի կրթություն են ստացել և հասարակության որ շերտին են պատկանում։ Փաստ է, որ նրանք ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ են մատնված։ Ի՞նչ է անհրաժեշտ անել։ Անհրաժեշտ է գտնել բոլոր ողբերգությունների արմատը և բժշկել։  Անվիճելի ճշմարտություն է՝ ծառի արմատը եթե առողջ չլինի, ճյուղերն աստիճանաբար կչորանան, բունը կփտի, ծառը կվերանա։

 

Արմատը պետք է բուժել հոգևոր աշխարհում, քանի որ ամեն բան նախ կատարվում է հոգևորում, իսկ հետո՝ դրսևորվում ֆիզիկականում։ Աստվածաշունչն է դա փաստում․ «Երկիրն անձև ու դատարկ էր, խավար կար անդունդի վրա, և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասաց․ «Լո՛ւյս լինի», ու լույս եղավ» (Ծննդ․ 1.2,3)։ Անկախ նրանից, թե ինչ խնդիրների առջև ենք կանգնած՝ ընտանեկա՞ն , ազգի պահպանման ու բարգավաճմա՞ն, թե՞ մոլորակի բնակչության անվտանգության, արմատի բուժման ճանապարհը հոգևոր աշխարհում մեկն է՝ԱՂՈԹՔԸ։ Ոմանք գուցե հիասթափվեցին իմ խոսքերից, ոմանք գուցե ճիշտ չպատկերացրին ասելիքս ու պատասխանեցին․ «Իսկ քո կարծիքով՝ մենք մինչև հիմա չե՞նք աղոթել»։ Մարդիկ, հիմնականում, միշտ էլ աղոթում են, բայց այնպես չեն աղոթում, որ լիարժեք պատասխան ստանան։ «Տակավին մինչև արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չեք կանգնել մեղքին» (Եբր․ 12.4)։

 

Աղոթքը լուրջ աշխատանք է։ Տարիներ շարունակ իմ աղոթքի կյանքի ուսուցիչը Քենեթ Հեգինն է։ Նրա գրքերով եմ զարգացրել իմ աղոթքի կյանքը, հոգևոր աշխարհում արված աշխատանքի շնորհիվ ֆիզիկական աշխարհում բազում հրաշքներ եմ տեսել։ Ցավոք սրտի, ոչ միայն նորահավատ քրիստոնյաները, այլև երկար տարիներ եկեղեցում ծառայողները դեռևս չգիտեն ճիշտ աղոթել։ Տիրոջ ողորմությունը միշտ գործում է։ Նրա շնորհքով ու գթությամբ մարդը կարող է ստանալ իր աղոթքների պատասխանները, բայց դա չի կարող երկար տևել։ Տերն ուզում է, որ մարդն իր հոգևոր կյանքում զարգացում ապրի՝ ոչ միայն ճիշտ աղոթել սովորի, այլև առավել մեծ բաների հասնի։ Ինչպես քարոզիչներից մեկն է ասել․ «Հոգևոր կյանքում չպետք է միայն բլիթներով բավարարվել, անհրաժեշտ է տորթ էլ ուտել»։

 

Քենեթ Հեգինը գրում է, որ ինչպես յուրաքանչյուր մարզաձև ունի իր խաղի կանոններն ու ձևերը, այնպես էլ աղոթքի կյանքն ունի իր պայմաններն ու գործողությունները։ Ֆուտբոլի գնդակով չեն կարող հոկեյի դաշտում հաղթանակի հասնել, ոչ էլ հոկեյի տափօղակով՝ վոլեյբոլի դաշտում։ Նույնպես և հոգևոր աշխարհում․ եթե տվյալ խնդրի լուծման համար պահանջվում է բարեխոսական աղոթք, ապա որքան էլ քրիստոնյան, հավատացյալի իշխանությունն օգտագործելով, պատերազմական աղոթքներ անի, արդյունք չի ստանա։ Որևէ խնդրի լուծման համար Տերը եթե ցանկանում է երկրպագության աղոթք, ապա մարդը կամ աղոթքախումբը որքան էլ աղոթի ու իր սրտի փափագը հռչակի, միևնույնն է, պատասխան չի ստանա՝ թեկուզ այդ աղոթքներն օրեր շարունակ ուղեկցվեն ծոմապահությամբ։ «Ձի է պատրաստվում պատերազմի օրվա համար, բայց փրկությունը Տիրոջից է» (Առակ․ 21.31)։ Տերն է որոշում աղոթքի պատասխանը ստանալու ճանապարհը։ Տերն է «սիրտ ու երիկամունք» քննողը, ու Նա գիտի, թե տվյալ պահին հրաշք ստանալու ճանապարհը որն է լինելու։ Նա չի ցանկանում միայն հրաշք կատարել մարդու կամ ազգի կյանքում. Նա ցանկանում է, որ այդ մարդու կամ ազգի կյանքը փոխվի։ Այդ փոփոխության ճանապարհն Ինքը գիտի։

 

Ասորեստանի թագավորի զորագլուխ Նէեմանը բորոտությունից երբեք չէր բժշկվի, եթե չհնազանդվեր մարգարեի խոսքին․ «Եվ նա վայր իջավ ու յոթ անգամ թաղվեց Հորդանանի մեջ Աստծո մարդու խոսքի համեմատ, և նրա մարմինը ետ դառավ իբրև մի փոքր տղայի մարմին, ու նա մաքրվեց» (Դ Թագ․ 5.14)։ Աղոթողը ոչ միայն Տիրոջ առաջնորդությունը պիտի ստանա, թե ինչպիսի աղոթք անի՝ երկրպագության, պատերազմի, համաձայնության և այլն, այլև Տիրոջ Խոսքը, թե իր հրաշքը որ ճանապարհով է գալու։ Հիսուսը, մինչ ժողովրդին և աշակերտներին ուսուցանելը, քարոզելն ու հրաշքներ անելը, առանձին ժամանակ էր անցկացնում Հոր հետ։ Նա ամեն օր էր առանձնանում, և Հայր Աստված հայտնում էր Նրան Իր անելիքը. «․․․․ ինչ-որ Ես խոսում եմ, ինչպես Հայրն ասաց Ինձ, այնպես եմ խոսում» (Հովհ․ 12.50)։

 

Անձնական օրինակով ավելի հստակ դարձնեմ խոսքս։ Տարիներ շարունակ՝ պատանեկությունից սկսած, գլխացավեր ունեի։ Սկզբում այդ ցավերը հազվադեպ էին, աստիճանաբար հաճախակի դարձան, ու մի օր նկատեցի, որ սոսկալի գլխացավերին դիմանալու համար արդեն ամեն օր երեք տեսակի դեղեր եմ ընդունում, որից հետո երկու ժամ քնում եմ, որպեսզի կարողանամ աշխատել ու առօրյա գործերով զբաղվել։ Անկեղծ ասած՝ բուժման համար չէի աղոթում, մտածում էի, որ Տիրոջն եմ ծառայում, և Նա տեսնում է տառապանքներս ու մի օր կբուժի։ Տեսնելով, որ Տիրոջից սպասված բժշկությունս չեմ ստանում՝ բժշկական զննում անցա։ Այնուհետև մեկնեցի Բելգիա՝ կրկնակի ստուգվելու, հստակ ախտորոշում և բուժում ստանալու համար։ Բրյուսելի լավագույն բժիշկներն ասացին, որ իմ գլխացավի պատճառները տարբեր են, և մանրամասն ներկայացրին դրանք: Յուրաքանչյուր անգամ գլխիս տարբեր հատվածներում էի ցավեր ունենում։ Բժիշկներն ասացին, որ լիարժեք բուժվելու հնարավորություն չկա. ցավերը մեղմացնելու համար պետք է դեղեր ընդունեմ։ Ինչպես պարզվեց, այդ դեղերը բացասաբար էին ազդելու ստամոքսիս վրա, այսինքն՝ հետագայում ստամոքսի բուժմամբ պետք է զբաղվեի։ Առաջարկեցին նաև աշխատանքիս բնույթը փոխել։ Նրանք ինձ չէին հարցրել՝ ով եմ, ինչով եմ զբաղվում, բայց, ելնելով հետազոտությունների արդյունքից, այդ եզրակացությանն էին հանգել։ 

 

Վերադարձա Երևան՝ դեղերով լի ճամպրուկով։ Հետևելով բժիշկների խորհրդին՝ ամեն օր ընդունում էի դրանք՝ սոսկալի ցավերից խուսափելու համար։ Աշխատանքիս բնույթը փոխելու մասին չէի մտածում, քանի որ չէի կարող հրաժարվել Տիրոջից ինձ տրված կոչումից: Կոչմանս բնույթից ելնելով՝ համարյա ամեն օր սթրեսային վիճակում էի, քանի որ շփվում էի մտավոր և ֆիզիկական հիվանդություններ ունեցողների, ծնողազուրկ երեխաների, բռնության ենթարկված մարդկանց հետ։

 

Կարճ ժամանակ անց սթափվեցի։ Որոշեցի, որ այլևս դեղեր չեմ ընդունելու և Տիրոջն եմ ապավինելու։ Գիշերվա կեսին գլխացավը սկսվեց։ Աստիճանաբար ցավն ավելի սոսկալի դարձավ։ Սկսեցի աղոթել ու հռչակել, որ Հիսուս Փրկչի՝ խաչի վրա թափված արյան շնորհիվ բժշկված եմ։ Հիսուս Փրկչի անունով հրամայում էի սատանային, որ բաց թողնի մարմինս։ Աղոթում էի նաև Սուրբ Հոգու լեզուներով։ Ցավը գնալով սաստկանում էր։ Աղոթքս չէի դադարեցնում։ Տարբեր մտքեր էին գալիս, Աստվածաշնչից հետևյալ տողերն էի հիշում․ «Թեև թզենին չծաղկի և որթի վրա բերք չլինի․․․․ ես Տիրոջով պիտի ցնծամ, իմ փրկության Աստծով պիտի ուրախանամ» (Ամբակում 3.17,18)։ Մի պահ երկմտեցի՝ մտածելով, որ Տերը չի ցանկանում բժշկել, այլ ուզում է տեսնել, թե այդ ցավերի մեջ որքանով հավատարիմ կլինեմ Իրեն։ Բայց հետո հասկացա, որ դա սատանայի որոգայթն է. նա փորձում է աստվածաշնչյան խոսքով խաբել ինձ ու հեռացնել Տիրոջ կամքից։ Շարունակեցի պատերազմական աղոթքս՝ հռչակելով Եսայի մարգարեության 53-րդ գլխի հայտնի տողերը․ «Նա անարգված ու մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր ու ցավի տեղյակ եղավ․․․․ Նա մեր ցավերը վերցրեց և մեր վշտերը բեռնեց Իր վրա․․․․ Նրա վերքերով մենք բժշկվեցինք․․․․»։ Հավատքով լի՝ դավանում էի. «Հիսուս Փրկչի խաչի զորությամբ ես բժշկված եմ»։ Չեմ կարող ասել, թե այդ պայքարը որքան տևեց, հավանաբար 40 րոպե կամ ավելի։ Հանկարծ սոսկալի ցավը մեկ ակնթարթում անհետացավ, ու աստվածային խաղաղությունը պարուրեց ինձ։ Ես լիակատար բժշկություն ստացա։ Տարիներ են անցել այդ օրից։ Ես այլևս չեմ տառապում, քանի որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ հասկացա, թե Աստվածաշնչի ո՛ր խոսքն էր ինձ պատկանում և ինչպիսի աղոթք պետք է անեի։

 

Շարունակելի

 

Հ․Գ․

Հետագա նյութերում կխոսեմ աղոթքի տեսակների ու դրանց առանձնահատկությունների մասին՝ հուսալով, որ դրանց կիրառմամբ կբուժվեն նաև վերը նշված խնդիրների արմատները։

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00