ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ՝ ԱՂՈԹՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՄԱՍ 8. ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ԱՂՈԹԵԼ՝ ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Աստծո Խոսքն ասում է. «Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, որոնե՛ք ու կգտնեք, դուռը թակե՛ք ու կբացվի» (Մատթ. 7.7): Ղուկաս 18.2-8 խոսքերում կարդում ենք անիրավ դատավորի և համառ որբևայրու առակը. «Մի դատավոր կար մի քաղաքում, որ Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Մի որբևայրի էլ կար այդ քաղաքում, որ նրա մոտ էր գալիս և ասում. «Փրկի՛ր ինձ իմ ոսոխից»: Նա որոշ ժամանակ չկամեցավ օգնել, բայց մի օր իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս որբևայրին ինձ հոգնեցնում է, իրավունք անեմ՝ օգնեմ նրան, որ էլ չգա և ինձ չձանձրացնի»: Եվ Տերն ասաց. «Լսե՛ք, թե անիրավ դատավորն ինչ է ասում: Մի՞թե Աստված Իր ընտրյալներին չի պատասխանի, որ գիշեր ու ցերեկ աղաղակում են Իրեն…. Ասում եմ ձեզ, որ շուտով իրավունք կանի»»:
Այս հատվածները ցույց են տալիս, որ կլինեն Տիրոջն ուղղված աղոթքներ, որոնց պատասխանը կհապաղի, նույնիսկ կթվա, թե այն երբեք էլ չի լինի: Աստծո Խոսքն ասում է`կլինի: Կլինի, եթե այդ խնդրանքը համապատասխանում է Աստծո կամքին. «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները Իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը,- այլ ինչպես բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են Իմ ճանապարհները ձեր ճանապարհներից և Իմ խորհուրդները ձեր խորհուրդներից: Որովհետև ինչպես իջնում են անձրևը և ձյունը երկնքից ու ետ չեն դառնում այնտեղ, այլ ոռոգում են երկիրը ու նրան արգասավոր անում, բողբոջեցնում նրան ու տալիս սերմ սերմնացանին ու հաց`ուտողին, նույնպես էլ Իմ բերանից դուրս եկած խոսքը`այն պիտի պարապ ետ չդառնա Ինձ մոտ, այլ կատարի Իմ ուզածը և հաջողվի նրանում, ինչի համար, որ նրան ուղարկեցի» (Եսայի 55.8-11):
Ամբակում 2.3-ում գրված է. «Տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է և շտապում է վախճանին, նա չի ստի, եթե ուշանա էլ`սպասի՛ր, որովհետև անպատճառ կգա և ետ չի մնա»:
Ամենակարևոր հանգամանքն այն է, որ խոստումը լինի Տիրոջից, խոստմանը հասնելու գործողությունները լինեն Աստծո կամքի համաձայն:
Չորս տարի շարունակ Իսրայելում համատարած երաշտ էր: Տիրոջ մարգարեն`Եղիան, մարգարեական խոսք է ստանում գալիք հորդառատ անձրևի մասին ու Աքաաբ թագավորին ասում. ««Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետև անձրևի սաստիկ ձայն կա»: Եվ Աքաաբը վեր ելավ ուտելու և խմելու….» (Գ Թագավ. 18. 41,42):
Եղիան բարձրանում է Կարմեղոս սարը՝ աղոթելու, որ Աստծուց ստացած մարգարեությունն իրականություն դառնա: Նա վեց անգամ աղաղակում է Տիրոջը, բայց ոչ մի պատասխան չի ստանում: Եղիան համոզված էր, որ իր հետ խոսողը Տերն էր, այդ պատճառով չի հանձնվում ու դարձյալ աղոթում է: Նա մարգարեության պատասխանն ստանում է յոթ անգամ աղոթելուց հետո. «Եվ յոթերորդ անգամ պատանին ասաց. «Ահա մի փոքր ամպ՝ մարդու ձեռքի չափ, բարձրանում է ծովի կողմը»: Եվ նա ասաց. «Գնա՛, ասա՛ Աքաաբին՝ լծի՛ր ու իջի՛ր, որ անձրևը քեզ չբռնի»: Եվ մինչև այս ու այն կողմ դառնալը՝ երկինքը մթնեց ամպերով և հողմով, և մեծ անձրև եղավ….» (Գ Թագավ. 18.44,45):
Աղոթքի պատասխանը կարող է ուշանալ տարբեր պատճառներով: «Անհրաժեշտ հանգամանքներ՝ աղոթքի պատասխանը ստանալու համար» ուսուցումների շարքում առաջին մասից սկսած թվարկվում են այն հանգամանքները, որոնք անհրաժեշտ են մեր աղոթքների պատասխաններն ստանալու համար: Եվ այս թվարկումներին կարող են ավելանալ այլ հանգամանքներ ևս:
Քենեթ Հեգինը նշում է, որ տարիներ շարունակ աղոթել է իր եղբոր ապաշխարության համար, բայց որևէ արդյունք չի տեսել: Մի անգամ, երբ դարձյալ աղաղակել է Աստծուն ու բարեխոսել եղբոր ապաշխարության համար, Սուրբ Հոգին նրան առաջնորդել է աղոթել Եփեսացիներին ուղղված թղթի 1.17,18-ի համաձայն, որտեղ Պողոսն աղոթում է Եփեսոսի եկեղեցու համար, որպեսզի լուսավորվեն նրանց հոգու աչքերը, և նրանք ճանաչեն այն կոչումն ու օրհնությունները, որ ունեն Հիսուս Քրիստոսով. «…. Աստվածը`փառքի Հայրը, տա ձեզ իմաստության և հայտնության հոգի`Իր գիտությունով, որ ձեր սրտի աչքերը լուսավորվեն, ու իմանաք, թե որն է Նրա կոչումի հույսը և որն է Նրա ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում»: Հեգինն աղոթում և խնդրում է Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով, որ իր եղբայրն ապաշխարի, լուսավորվեն նրա հոգևոր աչքերը, ու նա հասկանա, թե ինչու է ապրում այս երկրի վրա: Այդ աղոթքից անմիջապես հետո նրա եղբայրն ապաշխարում է:
Մեկ այլ քարոզիչ խոսում է այն կարևոր հանգամանքի մասին, որ երբ մարդը որևէ հարցի վերաբերյալ բարեխոսական աղոթք է բարձրացնում Հոր առջև`Հիսուս Քրիստոսի անունով, սատանան վկայակոչում է այն բոլոր մեղքերը, որոնք պատճառ են հանդիսանում այդ իրավիճակի գոյության ու հարատևման համար: Ուստի, յուրաքանչյուր բարեխոսող անձ նախ և առաջ պետք է ներողություն խնդրի բարեխոսվող կողմի մեղքերի համար: Ներում ստանալուց հետո միայն կարող են ակնկալվել պատասխաններ: Օրինակ` Նեեմիան, աղոթելով, Իսրայելի ժողովրդի համար, ասում է. «Ո՛վ Տեր` երկնքի Աստված, մեծ և ահեղ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում Քեզ սիրողներին ու Քո պատվիրանները պահողներին: Աղաչում եմ, ականջ դի՛ր ու լսի՛ր Քո ծառայի աղոթքը: Աղոթում եմ Քո առաջ ցերեկ ու գիշեր Քո Իսրայելի որդի՝ ծառաներիդ համար, և խոստովանում եմ Իսրայելի որդիների մեղքերը, որ գործեցին Քո դեմ: Ես էլ և իմ հոր տունն էլ մեղանչել ենք: Իրոք, հանցավոր ենք Քո դեմ և չենք պահել այն պատվիրանները, կանոնները և իրավունքը, որ Դու պատվիրեցիր Քո Մովսես ծառային» (Նեեմիա 1.5-7): Իր և ազգի գործած մեղքերի համար ներողություն խնդրելուց հետո է Նեեմիան աջակցություն ստանում Աստծուց՝ վերականգնելու Երուսաղեմը:
Աբրահամի մասին Հռոմեացիներին ուղղված թղթի 4.18-21-ում գրված է. «Առանց հույսի`հույսով հավատաց, որ շատ ազգերի հայր կլինի…. Եվ չտկարացավ հավատքով, այսինքն`չնայեց իր մարմնին, որ արդեն մեռած էր, ու ինքը հարյուր տարեկան էր, ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն: Եվ Աստծո խոստման համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով և Աստծուն փառք տվեց: Նա իր մտքում համոզված էր, թե Նա, որ խոստացավ, կարող է և անել»: Իսահակը` որդին, ծնվեց. Աբրահամը դարձավ շատ ազգերի հայր:
Մարդուն կարող է թվալ, թե Տերն ուշացնում է պատասխանը: Սակայն Նա հրաշալի գիտի ժամանակները, և մարդու համառությունը, հավատքը, Աստծո խոստման հանդեպ վստահությունը, արդյունք են ցուցաբերում: Բացի դրանից, այդ աղոթքները և բաղձալին ստանալու ընթացքը մարդուն ավելի ու ավելի են ընկղմում երկնայինի մեջ, Աստծուն ներկայացնում առավել շքեղ կողմերով, որոնց մասին նա անտեղյակ կլիներ՝ առանց այդ աղոթքների:
Այսպիսով`կլինեն խնդիրներ, որոնց պատասխանը մարդը կստանա մեկ աղոթքից հետո, կլինեն նաև խնդիրներ, որոնց համար կպահանջվեն հարատև աղոթքներ: Աղոթելիս Սուրբ Հոգին խոսում է մարդու հետ, ու նա, հետևելով Սուրբ Հոգու առաջնորդությանը, կարող է հասկանալ, թե երբ կստանա պատասխանը՝ հենց այդ պահի՞ն, քիչ ա՞նց, թե՞ հարատև աղոթքներից հետո: Հնարավոր է՝ Սուրբ Հոգին հենց աղոթքի ընթացքում խոսի ու հայտնի, որ աղոթքը լսվել է, այլևս պետք չէ այդ հարցի շուրջ աղոթել, իսկ պատասխանը՝ լինի ամիսներ անց կամ նույնիսկ`տարիներ, կախված է տվյալ խնդրից ու Աստծո կատարյալ կամքից, որը միշտ բարին է ու հաճելին (Հռոմ. 12.2): Աղոթողը, երբ Սուրբ Հոգուց ստանում է պատասխանը, պետք է հավատքով սպասի ու թերահավատություն կամ անհավատություն չդրսևորի ո՛չ իր վարքով, ո՛չ էլ խոսքերով: Ընդհակառակը`բարի խոսքերով, հավատքով արված դավանանքով պետք է սպասի խոստման իրականացմանը:
Իմ կյանքից բերեմ վկայություններ`ասելիքս հստակեցնելու համար:
Չորս տարի առաջ, Տիրոջ օրհնությամբ, բնակարան ունեցա: Բնակարանն անմխիթար վիճակում էր`հիմնովին վերանորոգում էր պահանջվում: Մինչ որոշ մարդիկ խորհուրդ էին տալիս հրաժարվել այդ բնակարանից կամ այն վաճառել, ես աղոթեցի ու հնազանդվեցի Սուրբ Հոգուն: Տերն ասաց. «Ես եմ Ալֆան և Օմեգան»: Այդ խոսքերով Սուրբ Հոգին ցույց տվեց, որ այդ բնակարանը տվողը, վերանորոգման ու կահավորման հարցերի մասին հոգացողը իմ երկնային Հայրն է: Ինձ մնում էր միայն ամուր բռնել այդ խոստումը:
Իմ ամսական եկամուտը բավականացնում է սննդին, կոմունալ վարձերին ու երբեմն` հագուստ կամ կոշիկ գնելուն: Յուրաքանչյուր եկամտից տասանորդ եմ տալիս Աստծուն`համաձայն Իր Խոսքի. «Բոլոր տասանորդը տարե՛ք գանձատուն, որ Իմ տանը պաշար լինի, և Ինձ փորձե՛ք սրանով,- ասում է Զորաց Տերը,- թե արդյո՞ք չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափի ձեզ համար, մինչև որ նրա համար տեղ չլինի» (Մաղաք. 3.10): Անկախ իմ ունեցած կարիքներից՝ ես նաև ֆինանսական զոհաբերություններ ու ընծաներ եմ մատուցում Տիրոջը: Տերը միշտ հավատարիմ է, և Նրա ողորմությունը նորոգվում է ամեն օր (Ողբ Երեմիայի 3.22,23):
Հավատքով զորացած`ես ամբողջությամբ քանդեցի բնակարանի ներսի պատերը, մանրահատակը, հանեցի դռներն ու պատուհանները: Ես խոստում ունեի իմ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԱՍՏԾՈՒՑ. «Ես եմ Ալֆան և Օմեգան»: Նա է սկիզբը, ու Նա է վերջը: Նա սկսել էր ինձ օրհնել`տալով այդ բնակարանը, և չորս ամիս շարունակ` փուլ առ փուլ, տվեց նաև այն ամբողջ գումարը, որն անհրաժեշտ էր բնակարանը վերանորոգելու և կահավորելու համար:
Մեկ այլ դեպքում աղոթում էի իմ կոչման համար: Տիրոջից խնդրում էի բացել հոգուս աչքերը և ցույց տալ այն կոչումը, որով կարող եմ առավել փառավորել Իրեն: Դիմելով Տիրոջը`ասում էի, որ կաղոթեմ այնքան ժամանակ, մինչև Սուրբ Հոգին կխոսի ու ճանապարհ կպատրաստի իմ կոչման համար: Աղոթում էի ամեն օր, ընդ որում՝ մեկ ժամ միայն Սուրբ Հոգու լեզուներով: Ես Աստծուն ասում էի. «Տե՛ր, գալիս եմ Քո առաջ և նորից ու նորից աղոթք եմ բարձրացնում Հիսուս Քրիստոսի անունով, որ բացվեն հոգուս աչքերը, ու ճանաչեմ այն կոչումը, որն ունես ինձ համար»: Նշեմ, որ այդ աղոթքն արել եմ այն ժամանակ, երբ հավատարիմ մնալով իմ առաջին կոչմանը՝ ծառայում էի տերերի Տիրոջը սոցիալական ոլորտում: 23 տարի շարունակ բազմաթիվ բարեգործական ծրագրեր էինք իրականացրել`օգնելով հազարավոր ծնողազուրկ երեխաների, անկողնային հիվանդների, սոցիալապես անապահով մարդկանց… Իմ ներսում համոզված էի, որ ունեմ ևս մեկ կոչում, որով կարող եմ առավել փառավորել Տիրոջ անունը: Հիմա ափսոսում եմ, որ չեմ նշել այն օրը, երբ սկսեցի աղոթել երկրորդ կոչմանս համար, և այդ պատճառով չեմ կարող ասել, թե որքան աղոթեցի`հի՞նգ ամիս, վե՞ց… համենայն դեպս, համոզված եմ, որ չորս ամսից ավելի եմ աղոթել: Աղոթելիս հետևում էի Սուրբ Հոգուն, հասկանում էի, որ Նա գործում է իմ ներսում, փոխում բնավորությունս, միջավայրս, սովորույթներս… Եվ մի օր` երեկոյան, երբ իմ հերթական աղոթքն էի բարձրացրել Տիրոջ առջև, լսեցի Սուրբ Հոգու ձայնը: Տերը հրաշալի ձևով բացահայտեց այն կոչումը, որ նախատեսել էր ինձ համար, երբ Իրեն դեռ չէի էլ ճանաչում: Անկեղծ ասած, եթե իմանայի, որ այդ կոչումն ուսուցչի ծառայության պարգևն է ու երեք լեզվով բլոգ ունենալը, դժվար թե այդքան սրտառուչ աղոթեի, այլ վախից կկարկամեի ու կլռեի: Փա՛ռք մեր Տիրոջը, Ով մինչ մեր ոսկորները ձևավորելը՝ արդեն գիտի, թե որ բնագավառում կարող ենք ամբողջությամբ Իրենից կախված լինել, բարձրացնել Իր անունը և ցույց տալ Իր հավատարմությունը, սերը, ողորմությունը մարդ արարածի նկատմամբ: Նա գիտի, թե որ կոչումն իրականացնելիս կվայելենք երջանկության բերկրանքը:
Իմ աղոթքների ընթացքում Սուրբ Հոգին ոչ միայն առաջնորդում էր ինձ՝ փոխելու մտածելակերպս, բնավորությունս…, այլև ինձ օգնող թիմ էր պատրաստում և ճանապարհ հարթում, որպեսզի Իրենից ստացած պատգամները հասցնեմ մարդկանց:
Տիրոջ կամքը բարի է, հաճելի, կատարյալ: Մարդը չպետք է խուսափի երկարատև աղոթքներից, այլ՝ ջանք գործադրի, որ մտնի Տիրոջ կամքի մեջ, առավել ևս՝ ջանք անի, որ մնա և վայելի Հիսուս Քրիստոսի խաչի ու Սուրբ Հոգու զորությամբ իրեն տրված հաղթանակի պտուղները: