Մարտ 26, 2017 Warrior

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ՝ ԱՂՈԹՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՍ 6. ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ՝  ԱՂՈԹՔԻ  ՊԱՏԱՍԽԱՆԸ  ՍՏԱՆԱԼՈՒ  ՀԱՄԱՐ

ՄԱՍ 6.  ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ  ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 

Որոշ մարդիկ սկսում են սիստեմատիկ կերպով աղոթել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք են ունենում՝ ֆինանսի, բժշկության, մարդկային հարաբերությունների կարգավորման և այլն: Մինչդեռ, աղոթքը մարդու և Աստծո միջև հաղորդակցությունը պահպանող գլխավոր կապն է: Աստված մարդու հետ խոսում է Աստվածաշնչի միջոցով, իսկ աղոթքի միջոցով մարդն է խոսում Աստծո հետ և հնարավորություն է ստանում լսելու Նրա ձայնը:

Սուրբ Հոգով՝ լեզուներով, աղոթքը կառուցում է մարդու անձը. «Լեզուներով խոսողը իր անձն է շինում» (Ա Կորնթ. 14.4): Յուրաքանչյուր աստվածապաշտ մարդ պետք է կառուցի իր անձը՝ լեզուներով աղոթելով, և ջանք անի մեղքից զերծ մնալու, ինչպես գրված է. «Տակավին մինչև արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չեք կացել մեղքին» (Եբր. 12.4): Սա կարևոր է, քանի որ մարդու աստվածահաճո  բնավորությունն անհրաժեշտ հանգամանք է աղոթքի պատասխանը ստանալու համար: Աստվածահաճո բնավորությունից բացի շատ կարևոր է նաև, որ նրա հոգևոր զգայարանները մշտապես բաց ու զգայուն լինեն ոչ միայն Տիրոջ ձայնը լսելու, այլև լսածը ճիշտ կատարելու համար. «Եթե քո Եհովա Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշությամբ կատարես Նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, քո Եհովա Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից գերազանց կանի, և այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու քեզ կհասնեն, եթե քո Եհովա Աստծո ձայնին լսես» (Երկր. Օրինաց 28.1,2): Ինչպես ֆիզիկական աշխարհում ապրելու համար մարդն ունի զգայարաններ՝  լսելու, տեսնելու, հոտառության, շոշափելու, համտեսելու, նույնպես և հոգևոր կյանքում Տերը նրան շնորհել է զգայարաններ՝ հոգևոր աշխարհն ընկալելու, վտանգը շրջանցելու, խնդիրները հաղթահարելու համար: Հոգևոր զգայարանները մշտապես արթուն վիճակում պահելու համար անհրաժեշտ է մշտապես աղոթել, ասել. «Տե՛ր, ես խոնարհվում եմ Քո առջև, ցանկանում եմ, որ հոգևոր զգայարաններս մշտապես բաց և արթուն վիճակում լինեն: Խնդրում եմ, հիմա, երբ աղոթում եմ քո պարգևած Սուրբ Հոգու լեզուներով, թո՛ղ Քո Սուրբ Հոգին աշխատանք տանի իմ հոգևոր զգայարանների հետ, որպեսզի լսեմ Քո ձայնը: Թո՛ղ բացվեն իմ հոգևոր աչքերը, որպեսզի տեսնեմ այնպես, ինչպես Դու ես ցանկանում, որ տեսնեմ …»: Մարդը պետք է խնդրի իր յուրաքանչյուր հոգևոր զգայարանի արթուն վիճակի պահպանման համար: Հաճախ է պատահում, երբ նա սկսում է աղոթել և ցանկանում է լսել Տիրոջ ձայնը՝ որևէ դժվար իրավիճակից  դուրս գալու համար, բայց ոչ մի կերպ չի կարողանում զգալ Սուրբ Հոգու առաջնորդությունը կամ լսել Նրա ձայնը: Պատճառն այն է, որ նա չի ունեցել ամենօրյա աղոթքի կյանք, Սուրբ Հոգու լեզուներով աղոթք: Նրա հոգին, շունչն ու մարմինը նույն հարթության վրա են, մինչդեռ Հոգին պետք է իշխի մարմնին ու շնչին: Սուրբ Հոգով աղոթքն օգնում է, որ մարդու ներսում ձևավորվեն ու դրսևորվեն Հոգու պտուղները. «Բայց Հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն: Այսպիսիների դեմ օրենք չկա» (Գաղատ. 5.22,23): Հոգու պտուղներն օգնում են դրսևորելու աստվածահաճո բնավորություն, որը նկարագրված է Աստվածաշնչում. «Բայց ձեզ, որ լսում եք, ասում եմ՝ սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ արեք ձեզ ատողներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, աղոթե՛ք ձեզ նեղացնողների համար: Քո մեկ երեսին խփողին, մյուսն էլ դեմ արա: Նա, որ վերարկուդ քեզանից վերցնում է, շապիկդ էլ տուր: Բոլորին, ովքեր ուզում են քեզանից, տո՛ւր, և քոնը ձեռքիցդ վերցնողից ետ մի՛ վերցրու: Ինչպես կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք արեք նրանց: Եթե ձեզ սիրողներին սիրեք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետև մեղավորներն էլ են իրենց սիրողներին սիրում: Եվ եթե ձեր բարերարներին բարի անեք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետև մեղավորներն էլ են այդպես անում: Եվ եթե փոխ եք տալիս նրանց, ումից ետ առնելու հույս ունեք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետև մեղավորներն էլ են փոխ տալիս, որ հավասար չափը ետ առնեն: Սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի արե՛ք և փոխ տվե՛ք՝ ոչինչ ակնկալելով, և ձեր վարձքը շատ կլինի, ու Բարձրյալի որդիներ կլինեք, որովհետև Նա քաղցր է երախտամոռների ու չարերի վրա: Ուրեմն, ողորմա՛ծ եղեք, որովհետև ձեր Հայրն էլ ողորմած է, և մի՛ դատեք ու չեք դատվի, մի՛ դատապարտեք ու չեք դատապարտվի, արձակե՛ք ու կարձակվեք: Տվե՛ք և կտրվի ձեզ՝ լավ չափով, թափ տված, շարժված, լիփ-լիքը կտան ձեր գոգը, որովհետև այն չափով, որ չափեք, նրանով կչափվի ձեզ» (Ղուկ. 6.27-38):

Աստվածահաճո բնավորությունը, Սուրբ Հոգու առաջնորդությամբ ապրելը, ամենօրյա աղոթքը հնարավորություն են ստեղծում յուրաքանչյուր դժվար իրավիճակում ճանաչել Տիրոջ կամքը, ճշգրտորեն կատարել և արդյունք տեսնել՝ այնպիսի արդյունք, որը փառավորում է Հորը:

Վկայություն իմ անձնական կյանքից:

Ամեն օր աղոթելիս նախ՝ Տիրոջից ներողություն եմ խնդրում իմ գիտակցաբար և անգիտակցաբար գործած մեղքերի համար, այնուհետև՝ Տիրոջը խնդրում եմ, որ բացի իմ հոգևոր աչքերը, միտքը և ցույց տա, թե որոնք են այն մեղքերը, որոնք գործել եմ անգիտակցաբար: Փա՜ռք Աստծուն Իր ողորմության ու շնորհքի համար, որ համբերատար ցույց է տալիս այն ամենը, ինչ անգիտակցաբար արել եմ օրվա կամ շաբաթվա ընթացքում: Մարդը, եթե ցանկանում է շտկվել, հոգևոր աճ ունենալ, Տերը Սուրբ Հոգու ամենակարող զորությամբ օգնում է նրան: Նաև՝ ամեն օր 40-60 րոպե Սուրբ Հոգով աղոթում եմ հոգևոր զգայարաններիս արթուն լինելու և ներսիս մարդու շինության համար: Այս ամենն անում եմ, քանի որ գիտեմ՝ հարկ եղած դեպքում կկարողանամ ճիշտ որոշումներ կայացնել, իսկ վտանգի կամ  փորձության հանդիպելիս՝ ներսիս հոգևոր մարդը պատրաստ կլինի դիմագրավելու: «Արթո՛ւն եղեք, հսկո՛ւմ արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա» (Ա Պետր. 5.8): Սա չի նշանակում, որ ամեն րոպե չար բանի եմ սպասում, այլ՝ ապավինում եմ Աստծուն.  ինչ էլ պատահի, Նա է իմ հավատարիմը, խորհրդատուն, առաջնորդը, փրկիչը:

Ամենօրյա աղոթքներն իմ անձի շինության համար կարևոր են, որովհետև օգնում են ներելու ինձ զրպարտողներին, աղոթելու  հալածողներիս համար, մարդկանց համար անելու այն, ինչ կուզեի, որ մարդիկ ինձ համար անեին: Սուրբ Հոգով ամենօրյա աղոթքն օգնում է ապրելու խաղաղության մեջ, բնավորության մեջ դրական փոփոխություններ տեսնելու: Այս դեպքում է, որ որևէ խնդրի առջև կանգնելիս աղոթում ես, ու Տերն անմիջապես արձագանքում է: Ես շատ խնդրանքներով եմ եկել Տիրոջ առջև, և փառք Նրան՝ Իր հավատարմության ու ողորմության համար, որ յուրաքանչյուր անգամ պատասխանել է ճիշտ ժամանակին: Իմ կյանքում կար մի այնպիսի ժամանակահատված, երբ առանձին բնակարան ունենալն օդ ու ջրի նման անհրաժեշտ էր ինձ: Այդ ժամանակ ապրում էի ծնողներիս հետ մեծ ու հարմարավետ բնակարանում: Մի օր, երբ պետք է սեմինար անցկացնեի և գտնվում էի դահլիճում, հանկարծ պարզ զգացի, որ Սուրբ Հոգին հենց այդ պահին ասում է. «Աղոթի՛ր առանձին տուն ունենալու համար»: Ես կանգնած էի ամբիոնի մոտ, մարդիկ արդեն նստած էին դահլիճում, ծառայողները բարձրախոսն էին ուղղում: Հենց ամբիոնի մոտ կանգնած՝ փակեցի աչքերս ու աղոթեցի. «Տե՛ր, ինձ տուն տուր»: Այնուհետև մտածեցի, թե ինչպիսի տուն խնդրեմ արքաների Արքայից: Ժամանակը կարճ էր, բարձրախոսն արդեն ուղղել էին, ես պետք է սկսեի սեմինարը: Սակայն աղոթքս չընդհատեցի և, չկողմնորոշվելով, թե ինձ ինչպիսի տուն է պետք, շշնջալով ասացի. «Տե՛ր, խնդրում եմ, տո՛ւր ինձ մեկ հատ երեք սենյականոց բնակարան բարձրահարկ շենքում և մեկ հատ էլ տուն՝ հողամասով»: Աչքերս բացեցի ու սկսեցի սեմինարը: Դահլիճում նստածներից ոչ ոք չպատկերացրեց, թե ինչ էր տեղի ունենում այդ պահին: Հնարավոր է՝ նրանցից շատերը չէին էլ նկատել, որ աղոթում էի: Անցավ երեք օր. Տիրոջ օրհնությամբ՝ ես ստացա երեք սենյականոց բնակարան, իսկ չորրորդ օրը՝ տունը՝ հողամասով:

Ինչո՞ւ այդքան արագ ստացա աղոթքիս պատասխանը: Նախ՝ Տերը նույնպես ցանկանում էր, որ ես առանձին տուն ունենայի, և հետո՝ իմ ամենօրյա կյանքում ես հերկել էի այդ հողը: Ինչպես օլիմպիական չեմպիոններն ու ռեկորդակիրներն են առանձնանում աշխարհից իրենց կենցաղով, պահվածքով, մշտական մարզումներով, նույնպես և ես ջանք եմ անում, զոհում եմ մարմնիս ցանկությունները, առաջնորդվում եմ Սուրբ Հոգով և մշտապես ՏԻՐՈՋ  ՇՆՈՐՀՔԻՆ ու ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆՆ  եմ ապավինում:

Երկու ամիս առաջ պատրաստվում էի մեկնելու Բրյուսել: Տոմսերը գնել էի, բայց ուղևորության համար ինձ մոտավորապես 3000 եվրո էր պետք: Ունեի ընդամենը 330 եվրո և կարճ ժամանակ: Սկսեցի առատ զոհաբերություններ անել և յուրաքանչյուր անգամ զոհաբերելիս ասում էի. «Տե՛ր, սա սերմ է իմ ուղևորության համար»: Եկավ մեկնելուս օրը: Տիրոջ հավատարմությունը փառահեղ ձևով դրսևորվեց. ես անհավատալի, անպատմելի ձևով առատ հունձք ունեցա: Նորից ու նորից համոզվեցի, որ նախ՝ Տիրոջ կամքը ճանաչելուց, այնուհետև՝ մեր մտքերից ու գործողություններից է կախված՝ կտեսնե՞նք Աստծո փառքը, թե՞ ոչ:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00