Հունվար 21, 2017 Warrior

ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ` ԱՂՈԹՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ  ՍՏԱՆԱԼՈՒ  ՀԱՄԱՐ: ՄԱՍ 3. ՃԱՆԱՉԵԼ  ՏԻՐՈՋ ԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՄՔԸ

ՄԱՍ 3.

ՃԱՆԱՉԵԼ ՏԻՐՈՋ ԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՄՔԸ

Աստվածաշունչը կարդալով՝ համոզվում ենք, որ մարդկանց ամենատարբեր խնդիրները լուծելու հարցում, հիմնականում, Տերն է որոշում՝ ում հետ ինչպես վարվի: Նշում եմ՝ հիմնականում, քանի որ Սուրբ գրքում կան բացառություններ, երբ մարդը, գերբնական հավատք դրսևորելով, Տիրոջն իր նախընտրած ձևն է առաջարկում: Օրինակ՝ Հեսուն իր հավատքով լի աղաղակով կանգնեցրեց արեգակը. «Այն ժամանակ Հեսուն Տիրոջ հետ խոսեց այն օրը, երբ Տերը ամորհացիներին Իսրայելի որդիների ձեռքը տվեց, և Իսրայելի առաջ ասաց. «Արեգա՛կ, Գաբավոնում կանգնիր, լուսի՛ն, Այեղոնի ձորում կանգնիր»: Եվ արեգակը կանգնեց, ու լուսինն իր տեղում մնաց, մինչև ժողովուրդն իր թշնամիներից վրեժն առավ: …. և արեգակը երկնքի մեջտեղում կանգնեց ու չշտապեց մտնելու մեկ կատարյալ օրվա չափ: Նրա պես օր չեղավ ո՛չ առաջ, ո՛չ հետո, որ Տերը մարդու ձայնին լսեց, որովհետև Տերը պատերազմեց Իսրայելի համար» (Հեսու 10.12-14):

«Եվ ահա մի քանանացի կին աղաղակում էր. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ որդի, իմ աղջիկը չարաչար դիվահարվում է»: …. Նա էլ պատասխանեց. «Ես եկել եմ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ: …. Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ գցել»: Նա էլ ասաց. «Այո՛, Տե՛ր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում»: Այն ժամանակ Հիսուսը պատասխանեց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատքը, քեզ լինի ինչպես ուզում ես, և նրա աղջիկը բժշկվեց նույն ժամին» (Մատթ.15.22-28):

Քանանացի կինը, չվիրավորվելով Հիսուսի խոսքերից, ստացավ իր աղջկա բժշկությունը, թեպետ Հիսուսը որոշել էր միայն «Իսրայելի տան կորած ոչխարներին» օգնել:

Սրանք բացառիկ դեպքեր են. հիմնականում Տերն է որոշում, թե հավատքով արված աղոթքին ինչ ճանապարհով պատասխան ուղարկի:

«Առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև  Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Նա կա և Իրեն խնդրողներին վարձահատույց կլինի» (Եբր. 11.6): Բայց կան անհրաժեշտ նախապայմաններ, հանգամանքներ, որոնց բացակայության դեպքում նույնիսկ հավատքը չի փրկի: Այս գլխում ցանկանում եմ անդրադառնալ հնազանդությանը՝ որպես անհրաժեշտ հանգամանքի: Աստվածաշնչից բերեմ մի օրինակ՝ խոսքս ավելի հստակ դարձնելու համար: Ասորիների զորագլուխ Նէեմանը, ով բորոտ էր,լսելով իր տանը ծառայող հրեա աղջնակին, հավատաց Իսրայելի հզոր Աստծուն: Նա իր թագավորից նամակ վերցրեց և ուղևորվեց Իսրայել: «Եվ Նէեմանը գնաց իր ձիերով և կառքով ու կանգնեց Եղիսեի տան դռան մոտ» (Դ Թագ. 5.9): Ի՞նչ պատահեց, երբ նա իմացավ, որ իր բժշկության ճանապարհը Հորդանանի պղտոր ջրերում յոթ անգամ խորասուզվելն է: «Բայց Նէեմանը բարկացավ ու գնաց՝ ասելով. «Ահա, ես կարծում էի, թե անպատճառ ինձ մոտ դուրս կգա և կկանգնի ու իր Եհովա Աստծո անունը կկանչի և ձեռքը կդնի այն տեղի վրա և այն ժամանակ բորոտությունը կբժշկի» (Դ Թագ. 5.11): Նէեմանը հավատում էր Իսրայելի Աստծո բժշկարար զորությանը, բայց բժշկություն ստանալու համար իր ճանապարհն ուներ: Մինչդեռ Եհովա Աստված այլ ճանապարհ ուներ նրա համար: Նէեմանը բժշկություն ստացավ, երբ քայլ արեց Տիրոջ նախընտրած ճանապարհի մեջ. «Եվ նա վայր իջավ և յոթ անգամ թաղվեց Հորդանանի մեջ՝ Աստծո մարդու խոսքի համեմատ, և նրա մարմինը ետ դառավ իբրև մի փոքր տղայի մարմին, և նա մաքրվեց» (Դ Թագ. 5.14):

Նոր կտակարանում տեսնում ենք, որ Հիսուսը մի դեպքում բուժում էր թքից ցեխ սարքելով. «Այս ասելով՝ թքեց գետնին և թքից ցեխ շինեց ու ցեխը քսեց կույրի աչքերին: Հետո ասաց. «Գնա՛, լվացվի՛ր Սիլովամի ավազանում (որ թարգմանվում է Ուղարկված), և նա գնաց, լվացվեց ու եկավ և տեսնում էր» (Հովհ.9.6,7): Մեկ այլ դեպքում ասում էր, որ մանանեխի հատիկի չափ հավատքից բացի ծոմ ու աղոթք է հարկավոր խնդիրը լուծելու համար. «…. Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք՝ փոխադրվի՛ր այստեղից այնտեղ, և նա կփոխադրվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար: Բայց այս ցեղը դուրս չի գա, եթե ոչ աղոթքով ու ծոմով» (Մատթ. 17.19,20):

Հիսուսն Իրենից ոչինչ չէր անում. «…. Եվ Իմ անձից ոչինչ չեմ անում, այլ ինչպես Իմ Հայրը սովորեցրեց Ինձ, այն եմ խոսում: Եվ Ինձ ուղարկողն Ինձ հետ է, Ինձ մենակ չի թողել Հայրը, որովհետև Ես միշտ Նրան հաճելի բաներն եմ անում» (Հովհ. 8.28,29):

Տարիներ առաջ վահանաձև գեղձի հետ կապված առողջական լուրջ խնդիր ունեի: Սկզբում, երբ այդ խնդիրը նոր էր հայտնվել իմ կյանքում, անմիջապես աղոթեցի ու Տիրոջից բժշկություն խնդրեցի: Իմանալով, որ Տերն ունի բժշկություն պարգևելու տարբեր ճանապարհներ՝ ցանկացա պարզել, թե Նա ինչ ճանապարհ էր ընտրել իմ խնդրի լուծման համար՝ վիրահատությո՞ւն, թե՞  գերբնական բժշկություն՝ առանց վիրահատական միջամտության: Անկեղծ ասած՝ այն ժամանակ կարծում էի, թե վիրահատություն ասվածը աստվածային բժշկություն չէր կարող լինել, քանի որ տեղի էր ունենում բժիշկների միջամտությամբ, ոչ թե Աստծո հրաշքով:

Աղոթքի ժամանակ Սուրբ Հոգին խոսեց. «Ես քեզ կբժշկեմ…»: Այդ պատասխանն ինձ այնքան հաճելի էր, որ անմիջապես ծնկած դիրքից վեր կացա և շնորհակալություն հայտնեցի Տիրոջը, որ Նա ինձ կբուժի. իմ մեկնաբանությամբ՝ ես չպետք է դիմեի վիրահատական միջամտության: Նույնիսկ չփորձեցի մտածել, որ այդ նախադասությունն ավարտված չէր, քանի որ ինձ հաճելի էր լսել միայն այդքանը, ոչ ավելին:

Ինձ շրջապատող աստվածապաշտ մարդկանց մի խումբ նույնպես համոզված էր, որ կբժշկվեմ գերբնական ձևով: Նրանք ասում էին. «Դու տարիներ շարունակ Տիրոջն ես ծառայում, ինչո՞ւ պիտի վիրահատության գնաս. Տերը կբժշկի»: Նրանք պատեհ ու անպատեհ առիթներով ձեռքերը դնում էին ինձ վրա և աղոթում, բայց տեսնելով, որ ուռուցքը գնալով մեծանում է, եզրակացնում էին՝ հավատք չունես: Նրանք կարծում էին, թե իմ չբուժվելու պատճառն անհավատությունն է: Մինչդեռ իմ հավատքը գագաթնակետին էր հասել. տասը տարի շարունակ  հավատքով սպասում էի իմ բժշկությանը, հավատքին վերաբերող բազմաթիվ գրքեր էի կարդացել, գերբնական ճանապարհով բժշկություն ստացած  հարյուրավոր մարդկանց վկայություններ լսել: Մեկ ու կես տարի շարունակ՝ ամեն առավոտ, վերցնում էի Տ.Լ. Օսբորնի գիրքը, կարդում հրաշքով բժշկություն ստացած մարդկանց վկայություններն ու դավանում աստվածաշնչյան խոսքեր իմ բժշկության վերաբերյալ: Ես ամեն օր հրաշքի էի սպասում: Ինչպիսի՜ օծյալներ են աղոթել բժշկությանս համար: Նույնիսկ մի անգամ մի հետաքրքիր դեպք պատահեց: Երևան էր եկել բժշկության պարգև ունեցող մի հայտնի քարոզիչ: Ինձ ասացին, որ անհնար է նրա աղոթքից հետո հրաշք չկատարվի, և ես բժշկություն չստանամ: Երբ նա քարոզն ավարտեց և առաջ կանչեց տարբեր հիվանդություններից տառապող մարդկանց, ես անմիջապես առաջ նետվեցի՝ համոզված լինելով, որ բժշկվելու եմ: Հերթը հասավ ինձ. աչքերս փակ, արդեն պատկերացնում էի, թե ինչպես է  կոկորդիս ուռուցքն անհետանում և, վերջապես, ինչպես եմ նոր հագուստներ հագնելու՝ առանց պարանոցս ինչ-որ ձևով ծածկելու: Քարոզիչն աղոթեց ինձ համար, այնուհետև մոտեցավ կողքիս կանգնած կնոջը, ով նույնպես վահանաձև գեղձի խնդիր ուներ՝ կոկորդի վրա նկատելի էր բավական մեծ չափերի հասնող ուռուցքը: Քարոզչի աղոթքից անմիջապես հետո այդ ուռուցքն անհետացավ իմ իսկ աչքերի առջև: Նա լիակատար բժշկություն ստացավ, իսկ ես, առանց բժշկություն ստանալու, ապշած, ետ վերադարձա:

Այդ միջադեպը, իրոք, ինձ զարմացրեց, բայց հավատքս բժշկություն ստանալու նկատմամբ չպակասեց: Ես հավատում էի իմ Տիրոջ գերբնական զորությանը և  համոզված էի, որ Նա ամենակարող է ու հավատարիմ:

Շուրջ 12 տարի էր անցել այն օրից, երբ աղոթել էի ու Տիրոջից խոսք ստացել, որ Նա ինձ կբուժի: Իմ մեկնաբանությամբ՝ Նա պետք է բուժեր առանց բժշկական  միջամտության: Ուռուցքը գնալով մեծանում էր, առողջական վիճակս՝ վատանում: Տարբեր վայրերում ապրող երկու անձնավորություն նույնիսկ մարգարեական երազ էին տեսել, որ ես կմահանամ: Մեկ այլ անձնավորություն, ով մարգարեության պարգև ուներ, Աստծուց ինձ խոսք ասաց. «Գնա՛ բժշկի մոտ և ոտքից գլուխ ստուգվի՛ր»: Երեքն էլ հարգարժան մարդիկ էին, բայց քանի որ ես համոզված էի, թե բժշկվելու եմ առանց վիրահատական միջամտության, նրանց ասածներին ուշադրություն չէի դարձնում:

Կարճ ժամանակ անց Աստծո ծառաներից մեկը, ով ինձ համար մեծ հեղինակություն ուներ, շատ խիստ տոնով ինձ ասաց, որ եթե ինքս չգնամ բժշկի, ստիպված իրենք ինձ կտանեն: Ես եկա տուն և որոշեցի հաջորդ օրը ծոմ պահել՝ Տիրոջից հաստատություն ստանալու համար: Որոշմանս համաձայն՝ ծոմ պահեցի, առանձնացա սենյակումս ու հայտարարեցի. «Մինչև Տերը չխոսի՝ սենյակից դուրս չեմ գա»: Սկսեցի աղոթել ու Տիրոջն ասել. «Տե՛ր, տարիներ առաջ, երբ այս խնդրով Քո առջև էի եկել, Դու խոսեցիր ինձ հետ և ասացիր, որ կբժշկես: Ես համոզված եմ, որ Դու կբժշկես՝ առանց բժիշկների միջամտության, բայցևայնպես, խնդրում եմ, նորից խոսի՛ր և հաստատի՛ր այն, ինչ ասել էիր տարիներ առաջ, որպեսզի հարկադրված չլինեմ գնալու բժշկական զննումների»: Աղոթում էի ու սպասում: Տեսնելով, որ Տերը չի պատասխանում,  մտածեցի՝ հոգևոր անապատում եմ: Սկսեցի գրադարանիս մեջ «հոգևոր անապատի» վերաբերյալ գրքեր փնտրել: Դեռ նոր էի ձեռքս վերցրել Ջոն Բիվերի համապատասխան գիրքը, երբ Սուրբ Հոգին խոսեց. «Դու անապատում չես»: Ես կարկամած նստեցի: Չգիտեի՝ ինչ անել, ինչպես վարվել: Ծնկի էի եկել ու լուռ սպասում էի: Որոշ ժամանակ անց Սուրբ Հոգին շա՜տ մեղմ, Իրեն հատուկ հնչերանգով ասաց. «Երկրպագի՛ր»: Սկսեցի երկրպագել տերերի Տիրոջը: Երկրպագեցի մինչև երեկո՝ առանց սենյակից դուրս գալու: Երեկոյան ժամը ինն էր, երբ Սուրբ Հոգին նորից խոսեց. «Դուրս արի սենյակից և հաց կեր»: Ի՞նչ էր սա նշանակում: Վե՞րջ ծոմապահությանը: Իսկ ո՞ւր է պատասխանը: Նրա հնչերանգի մեջ այնքան մեղմություն ու սեր կար, բայց իմ ակնկալած պատասխանը չկար:

Հաց ուտելուց հետո վերադարձա սենյակ, որպեսզի շարունակեմ, բայց հասկացա, որ՝ վերջ: Մտահոգված էի, թե ինչ եմ պատասխանելու Աստծո ծառայողին: Հետո որոշեցի, որ կշարունակեմ ձգձգել բժշկական հետազոտության գնալը. չէ՞ որ Տերը ոչինչ չէր ասել: Խաղաղված՝ գնացի քնելու: Գիշերվա մի պահի արթնացա, նայեցի ժամացույցին. ժամը երկուսն էր: Հանկարծ մտքումս սկսեցի արտասանել Աստվածաշնչից մի հատված: Խոսքերն այնպես էին բխում իմ ներսից, որ սկսեցի բարձրաձայն ասել: Մինչ այդ օրը և դրանից հետո էլ՝ առ այսօր, Աստվածաշնչից որևէ հատված անգիր չեմ կարողացել հիշել, բայց Եզեկիա թագավորի հիվանդության պատմությունը, Եսայի մարգարեի այցը, Եզեկիայի խոսքերը անգիր էի ասում: Մի քանի անգամ բարձրաձայն կրկնելուց հետո ննջասենյակից դուրս եկա և Աստվածաշունչը վերցրի ձեռքս: Փնտրեցի այդ հատվածն ու սկսեցի կարդալ: Դա գրված էր Դ Թագավորաց 20-րդ գլխում, 1-7-րդ համարներում: Կարդալու ժամանակ «Ես քեզ կբժշկեմ…», «Չորացած թուզ առեք. և առան ու դրին վերքի վրա, և նա առողջացավ» տողերն առանձնացան ու մխրճվեցին հոգուս մեջ:

«Ես քեզ կբժշկեմ…»: Սա հենց այն խոսքն էր, որ ստացել էի մոտավորապես 12 տարի առաջ, երբ Տիրոջից իմ բժշկության վերաբերյալ խոսք էի խնդրում: Աղոթելիս լսել էի այդ խոսքը, այնուհետև, առանց շարունակությանը սպասելու, արագ ավարտել էի աղոթքս և ինքնուրույն որոշում կայացրել, որ Տերը կբժշկի գերբնական ձևով: Այդ գիշեր նորից ստացա այդ խոսքը, որն ուներ շարունակություն՝ «Չորացած թուզ առեք. և առան ու դրին վերքի վրա, և նա առողջացավ»:

Սուրբ Հոգին սկսեց խոսել. «Եզեկիա թագավորի աղոթքը լսելով՝ Ես պատասխանեցի. «Ես քեզ կբժշկեմ», և նա բժշկություն ստացավ՝ վերքի վրա չորացած թուզ դնելով: Դու պետք է բուժվես վիրահատությամբ»: Ես կարկամել էի: Չգիտեի՝ ուրախանա՞լ, որ Տերը խոսել է, և վերջապես պետք է բժշկվեմ, թե՞ տխրել, որ այդքան երկար տարիներ հավատում, դավանում, բոլորին համոզում էի, որ Տերը պիտի բուժի գերբնական հրաշքով, առանց բժիշկների միջամտության, հնազանդվելով Տիրոջ Խոսքին՝ պետք է վիրահատությամբ բժշկություն ստանամ:

Լույսը բացվեց, գնացի բժշկական հետազոտման: Համաձայն հետազոտման արդյունքների՝ պետք է վիրահատվեի: Բժիշկն ասաց, որ վիրահատությունը բարդ չէր լինելու և տևելու էր 2-2,5 ժամ, ոչ ավելի:

Վիրահատությունը տևեց 5 ժամ 30 րոպե: Ուլտրաձայնային հետազոտությունը  ցույց չէր տվել ամբողջ պատկերը, միայն վիրահատությունն սկսելուց հետո էր բացահայտվել, որ ամբողջ կրծոսկրս ծածկված էր հանգույցներով, և վիճակս չափազանց լուրջ էր: Փառք Տիրոջը, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:

Օրեր անց, երբ արդեն տանն էի, դիմեցի Տիրոջը. շատ էի ուզում իմանալ, թե ինչու Նա այդ ճանապարհն ընտրեց ինձ բժշկելու համար: Պատասխանն ինձ ցնցեց: Տերը ցույց տվեց, թե ծառայության բերումով որքա՜ն մարդիկ էին ինձնից դեղորայքի և բժշկական միջամտությունների համար ֆինանսական օգնություն խնդրել, ու ես մերժել էի՝ կարծելով, թե բժշկական միջամտությունը Տիրոջ կամքը չէ. Տերը բուժում է գերբնական ձևով, միայն հավատալ է պետք: Այդ մարդկանց մեղադրել էի, որ հավատք չունեն, և ինձ ստիպում են, որ գթության ծառայության ֆինանսները սխալ օգտագործեմ: Տերը Սուրբ Հոգու միջոցով ցույց տվեց, որ Իր հրաշքները տարբեր ձևերով են դրսևորվում, այդ թվում՝ բժշկական միջամտության ճանապարհով: Եթե Ինքը իմաստություն չտա մարդ արարածին, նա ինչպե՞ս կկարողանա դեղեր հայտնագործել, վիրահատել և, ընդհանրապես, բուժել որևէ մեկին: Իհարկե, պետք է հիշել, որ բժշկությունը սահմանափակ է, և այն, ինչ անհնար է մարդու համար, հնարավոր է Տիրոջ համար: Տերը ցույց տվեց նաև, որ հավատալուց բացի, պետք է ճանաչել Նրա կատարյալ կամքը, ինչպես իմ դեպքում բժշկական միջամտությունն էր:

 «Դուք այսպես աղոթք արեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի Քո անունը, գա Քո արքայությունը, լինի Քո կամքը երկրի վրա, ինչպես երկնքում է…»» (Մատթ. 6.9,10): Մարդիկ համարյա ամեն օր այսպես աղոթում են, բայց երբեմն չեն մտածում, որ այդ կատարյալ կամքը ճանաչելու համար նույնպես պետք է ժամանակ տրամադրեն, առանձնանան իրենց «ծածուկ սենյակում:

Տերը մարդու բարօրության համար է տարբեր ճանապարհներ ընտրում նրան սատանայի հարձակումներից ազատելու համար: «Եթե մնաք Իմ մեջ, և Իմ խոսքերը ձեր մեջ մնան,ինչ էլ որ կամենաք, կխնդրեք, ու կլինի ձեզ» (Հովհ. 15.7): «…. եթե մեկն աստվածապաշտ է ու Նրա կամքը կատարում է, Աստված նրան լսում է (Հովհ.9.31): Տերը լսում է ՀԱՎԱՏՔՈՎ արված և ԻՐ ԿԱՄՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ աղոթքին:

 

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00