Նոյեմբեր 19, 2015 Warrior

ԱՐԾԻՎՆԵՐ

Իրինա Լատուշկինա

ԱՐԾԻՎՆԵՐ

Աստվածաշնչում արծիվները բավական հաճախակի են հիշատակվում: Նույնիսկ Ինքը`Աստված, Սբ. գրության մեջ Իր որոշ գործողությունները համեմատում է արծվի գործողությունների հետ: Հենց այդ պատճառով ես կցանկանայի ավելի մանրամասնորեն կանգ առնել այս թեմայի վրա:

Ելից 19.4. «Դուք տեսաք ինչ որ արի եգիպտացիներին և ձեզ արծվի թևերի վրա տարա և Ինձ մոտ բերի»:

Այս խոսքերն Աստված ասում է Իր ժողովրդին:

Երկրորդ Օրինաց 32.11,12. «Ինչպես որ արծիվը քրքրում է իր բույնը, շուռ է գալիս իր ձագերի վրա, տարածում է թևերը, վեր առնում նրանց, տանում նրանց իր թևերի վրա, այնպես Եհովան միայն ման ածեց նրան, և նրա հետ օտար աստված չկար»:

Կրկին տեսնում ենք, որ Աստված Իրեն համեմատում է արծվի հետ: Նա միշտ հոգում է  Իր ժողովրդի մասին և Իր երեխաներին Իր թևերի վրա է տանում:

Այդ ի՞նչ հետաքրքիր թռչուն է արծիվը, որին այդքան մեծ տեղ է հատկացված Աստվածաշնչում՝ ինչպես Հին ուխտում, այնպես էլ Նոր: Եթե առյուծը կենդանիների թագավորն է այստեղ` երկրի վրա, ապա արծիվը թագավոր է երկնքում: Նա ուղղակի թռչուն չէ, այլ՝ թագավորական թռչուն:

Ինչո՞ւ է արծիվը թագավոր: Ինչո՞ւ է Աստվածաշնչում նա հաճախ իր ընթացքով և  գործողություններով համեմատվում Աստծո հետ: Որովհետև արծիվն ամեն բան տեսնում է այն կետից, որը երկրից բարձր է տեղակայված: Նրա դիտակետն այլ մակարդակի վրա է: Այդ պատճառով նա տեսնում է ոչ միայն այն, ինչ երևում է երկրի վրա, որտեղ հորիզոնը խանգարում է, այլև ավելին: Արծվին հորիզոնը չի խանգարում:

Հոգու մեջ բարձրանալով՝ քրիստոնյաները նույնպես կարող են վեր խոյանալ՝  տեսնելու ավելին, քան իրենց շուրջը տեղի ունեցող կոնկրետ, նեղ իրավիճակները: Նրանք այդ ամենն արդեն տեսնում են մեծ, համայնապատկերային մասշտաբով: Եվ դա արդեն  մարգարեական տեսիլք է: Մենք կարող ենք տեսնել ավելին, քան սովորական մարդիկ: Բոլոր ժամանակներում սովորական մարդկանցից ավելին ընդունակ էին տեսնելու մարգարեները: Աստված Իր  զավակներին  հենց այդպիսի բարձր թռիչք է ուզում տալ:

Այսպիսով, եթե մանրամասն ուսումնասիրենք արծիվների բնավորությունը,  անատոմիան, ապրելակերպը, կարող ենք ստանալ հայտնություններ մեր կյանքի համար: Ես ապրում եմ այդ հայտնություններով, այդ պատճառով որոշեցի ձեզ գրել դրանց մասին: 

Սկսենք նրանից, որ արծիվները տարբեր են լինում: Կան փոքր արծիվներ, որովհետև նրանց թևերի բացվածքը  մեկ մետր քսան սանտիմետր է: Նրանք թռչում են ծառերի գագաթներից ոչ բարձր և կոչվում են գիշանգղեր: Այս արծիվները սնվում են լեշով: Նրանք առաջին հերթին  կտցահարում են իրենց զոհի աչքերը: Կուրացած զոհը շվարում է՝ շուրջը ոչինչ չտեսնելով, և մահանում: Ահա այսպիսի ռազմավարություն ունեն գիշանգղերը: Նրանք մեզ չեն հետաքրքրում: Մենք կուսումնասիրենք ուրիշ արծիվների:

Աստվածաշնչում հիշատակվում են սպիտակագլուխ արծիվները: Նրանց թևերի բացվածքը 3 մետր է, և նրանք թռչում են երկրից 7,5 կիլոմետր բարձրության վրա: Այս թռչունը կարող է սավառնել այնտեղ, որտեղ օդը նոսր է, և ինքնաթիռներն են թռչում: Այո՛, այս արծիվներն ընդունակ են թռչելու ուրիշ թռչունների համար  անհասանելի այդ բարձրության վրա: Նրանք սնվում են միայն թարմ մսով և թարմ արյունով: Սպիտակագլուխ արծիվը երբեք լեշ չի ուտում, նույնիսկ եթե սովամահ լինի: Ես առանձնացրել եմ յոթ առանձնահատկություն, որոնք վերաբերում են այս արծիվներին:

  1. Սպիտակագլուխ արծվի կմախքի քաշը:

Սպիտակագլուխ արծվի թևերի բացվածքը 3 մետր է, իսկ կմախքը կշռում է ընդամենը 270 գրամ: Պատկերացնո՞ւմ եք, թե նա որքան թեթև է, որքան  բարակ և դրա հետ մեկտեղ ամուր ոսկորներ ունի: Արծվի հիմնական քաշը հիմնված է նրա մկանների և փետուրների վրա: Բայց բուն կմախքը, այսինքն՝ հիմքը՝ շարժողական հիմնակմախքը, թեթև է: Եթե համեմատություն կատարենք մեր քրիստոնեական կյանքի հետ, ապա մեր հոգևոր «հիմնակմախքը» նույնպես պետք է լինի թեթև, չծանրաբեռնված: Շատ ծանր է կրել վիրավորանքների, չներման, սեփական մեղքի զգացման, ուրիշ մարդկանց հետ չլուծված փոխհարաբերությունների բեռը: Շատ դժվար է ապրել՝ անընդհատ ջղայնություն տածելով ինչ-որ մեկի հանդեպ: Չէ՞ որ, եթե մարդիկ մեր մեջ ջղայնություն են առաջացնում, կարող են նաև մեզ վերահսկել: Մենք կխուսափենք նրանցից,  մեր կյանքը  կհարմարեցնենք այնպես, որ հնարավորինս քիչ հանդիպենք նրանց: Այդ ամենը խիստ կծանրաբեռնի մեր հոգևոր բնությունը, մեր ներսի «արծվին», մեր հոգուն, որը կանչված է սավառնելու համար: Մենք պետք է  ազատվենք այդ բեռից, պետք է կշռենք մեր «կմախքը». արդյո՞ք ինչ-որ բան չի կախվել նրանից՝ չլուծված հարաբերություններ,  ոչ աստվածային հոգևոր կապեր, արդյո՞ք ինչ-որ պարաններ չեն կապում նրան՝ կաշկանդելով մեր ազատությունը: Մենք պետք է հետևենք, որ թեթև լինենք:

Ես գիտեմ շատ քրիստոնյաների, ովքեր սովորել են ազատվել վիրավորանքներից: Ընդհանրապես, վիրավորանքը ճոխություն է քրիստոնյայի համար: Մենք իրավունք չունենք վիրավորվելու, որովհետև՝ որտեղ կա վիրավորանք, այնտեղ դուռը բաց է սատանայի համար: Իսկ նա ուրախությամբ կբեռնավորի մեզ, այսպես կոչված՝ ցեմենտի պարկեր կդնի մեր ուսերի վրա: Եվ ահա, մենք արդեն մի կերպ ենք քայլում, էլ ի՞նչ երկինք բարձրանալու, քթիցդ այն կողմ և ոտքերիդ տակ ընկած ճանապարհից հեռուն տեսնելու մասին է խոսքը: Ոչ մի դեպքում թույլ մի՛ տվեք, որ նման բան լինի: Մենք պետք է սովորենք հաղթահարել վիրավորանքները:  Ոչ թե մեր ատամները սեղմենք, այլ գնանք Աստծո մոտ և ասենք. «Տե՛ր, ես ներում եմ այդ մարդուն: Կարևոր չէ, որ դա չեմ զգում. ես որոշում եմ կայացնում՝ ներել, և թերթում եմ  կյանքիս այդ էջը»: Սա է ճիշտը:  Մենք չպետք է ապրենք զգացմունքներով, այլ պետք է ազատվենք վիրավորանքի զգացումից ճիշտ դավանանքի՝ հավատքի դավանանքի միջոցով: Իսկ թեթևության զգացումը վաղ թե ուշ կգա: Ամենակարևորը ձեր որոշումն է:

Եվս մեկ հանգամանք: Ես գիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր չեն կարողանում ներել  իրենց ինչ-որ բանի համար: Դա մեղքի այն զգացումն է, երբ մտովի վերադառնում ես  կյանքիդ ինչ-որ իրադարձություններին և ասում. «Չէ՞ որ ես կարող էի այլ կերպ վարվել, և այսինչ բանը չէր պատահի…»: Դա, սովորաբար, շատ խորն է թաքնված, բայց շատ  ծանր է, և բազմաթիվ մարդիկ չեն կարողանում թռչել, որովհետև չեն կարողանում ազատվել ինքնադատապարտության և մեղքի զգացումից: Եթե մի ժամանակ ինչ-որ հարցում անհաջողություն ենք ունեցել, դա կարող է մեզ սահմանափակել ապագայում այդ ուղղությամբ առաջ շարժվելու փորձեր անելուց:

Իմ տնային խմբում առաջին անգամ բախվելով այդպիսի իրադրության՝ ես չգիտեի, թե ինչ խորհուրդ կարող եմ տալ այն մարդուն, ով բոլորին ներել էր, բայց իրեն չէր կարողանում ներել՝ ունենալով մեղքի զգացում: Մի անգամ նրան ասացի. «Ի՞նչ է, դու ավելի մեծ ես, քան Աստվա՞ծ: Եթե Աստված քեզ ներել է, ապա ուղղակի հանդգնություն է՝ ինքդ քեզ Աստծուց բարձր դասելը և չներելը»: Իմ խոսքերը սթափեցրին նրան: Նա միանգամից ներողություն խնդրեց Աստծուց՝  իրեն դատելու համար:

Սատանան մեզ այնքան հաճախ է խաբում: Թանկագիննե՛րս, սովորե՛ք թեթև լինել: Սովորե՛ք քննել՝ արդյո՞ք ինչ-որ բան չի կախվել ձեզնից՝ զրկելով ձեզ թռչելու հնարավորությունից: Մենք պետք է սովորենք ընդունել այլ մարդկանց, որպեսզի այդ ծանրաքարերը մեզ չծանրաբեռնեն: Նույնիսկ եթե մարդուն ոչ մի բանի համար չեք կարող սիրել, սիրե՛ք գոնե նրա համար, որ Աստված է նրան սիրում: Չէ՞ որ այնքան հեշտ է ասել. «Ես այս մարդուն ընդունում եմ, որովհետև Աստված է նրան ընդունում»: Աստված նրան չի դատում: Եթե Աստված նրան դատեր, նա արդեն կենդանի չէր լինի: Բայց եթե Աստված նրան ապրելու հնարավորություն է տալիս, ես ի՞նչ իրավունք ունեմ նրան զրկելու հարաբերությունները շտկելու հնարավորությունից: Թող ապրի իր համար:

  1. Արծվի փետուրները:

Արծվի ամեն թևի վրա ինը կմախքային փետուր կա և հինգ նմանատիպ փետուր՝ պոչի վրա:

Եթե  բացենք  Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 12.8-11-ը, կտեսնենք, որ այնտեղ թվարկված են Սուրբ Հոգու ինը պարգևները, որոնք Աստված տվել է մեզ` իմաստության խոսք, գիտության խոսք, հավատք, բժշկության պարգևներ, հրաշագործության պարգև, մարգարեություն, հոգիների զանազանություն, այլ լեզուներ, լեզուների թարգմանություն:  Գաղատացիներին ուղղված թղթի 5.22,23-ում խոսվում է Հոգու ինը պտուղների մասին` սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հեզություն, հավատք, ժուժկալություն: Այսպիսով, Աստված մեզ ինը պարգևներ և ինը պտուղներ է տվել:

Արծվի մարմնում թևերը հավասարակշռությունն են ապահովում: Նա այդքան լավ է թռչում, որովհետև թևերը ներդաշնակության մեջ են և իրենց չափսերով հավասարազոր են:

Ինչպիսի մեծության պտուղներն են, այնպիսի մեծության էլ պարգևներն են: Մեզ համար շատ կարևոր է ուսումնասիրել մեր կյանքը, եթե ուզում ենք մեր հոգում երկինք բարձրանալ և սավառնել: Մենք պետք է իմանանք, թե ինչ պարգևներ ունենք և ինչ չափով: Բացի դրանից, պետք է քննենք՝ արդյո՞ք մեր կյանքում երևում են այն պտուղները, որ Աստված դրել է մեր մեջ, արդյո՞ք թույլ ենք տալիս, որ դրանք ինչ-որ ձևով դրսևորվեն:

Եթե մի թևը մյուսից մեծ է, դու անընդհատ շրջանաձև պտտվում ես և չես կարողանում դուրս պրծնել այդ շրջանի սահմաններից: Եթե ինչ-որ մեկն այդպես է թռչում, ուրեմն կամ չի գործածում Հոգու պարգևները, կամ նրա կյանքում չեն դրսևորվում Հոգու պտուղները:

Իսկ ի՞նչ են նշանակում պոչի հինգ փետուրները: Արծվի համար պոչը ղեկի դեր է կատարում: Երբ արծիվը թռչում է, պոչը նրան ուղղորդում է աջ կամ ձախ: Որոշակի անկյան տակ՝ թևերը նրան ուղղորդում են վերև կամ ներքև, կարգավորում թռիչքի արագությունը, իսկ պոչը ղեկավարում է շարժման ուղղությունը:

Եփեսացիներին ուղղված թղթի 4.11,12-ում թվարկված են Քրիստոսի մարմնում` եկեղեցում, Աստծո կողմից նախասահմանված  հինգ  ծառայությունները` առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ, ուսուցիչներ: Այնքան կարևոր է, որ այդ հնգանիստ ծառայությանը թույլ տանք՝ ղեկավարելու մեր կյանքը: Այդ դեպքում չենք շեղվի Աստծո ճանապարհներից: Բայց եթե անջատված ենք այդ ծառայություններից, «առանց պոչի արծիվներ ենք»: Մենք կարողանում ենք ինչ-որ ձևով տեղաշարժվել, երբ քամին մեզ վեր է բարձրացնում, բայց թե ուր կհասնենք, անհայտ է: Դրա համար շատ կարևոր է՝  մեր կյանքում պահպանել պարգևների, պտուղների և ղեկավարության՝ մեր կյանքի վրա եկեղեցական ծառայությունների ազդեցության ներդաշնակությունը, ինչպես արծիվների մոտ է:

  1. Արծվի կողմնորոշման հատկությունը:

 Արծիվն աչքի վերևում ունի մի օրգան, որը կողմնացույցի դեր է կատարում: Այդ օրգանը արծվին օգնում է կողմնորոշվելու, երբ նա հեռանում է հարազատ վայրերից՝ այն ժայռից, որի վրա իր բույնն է:

Բույնը՝ քո տունն է, քո իսկական տունը, որը տեղադրված է բարձունքում՝  ժայռի վրա: Ի դեպ, Աստվածաշնչում բազմիցս նշվում է, որ արծիվն իր բույնը շինում է բարձունքում՝ ժայռերի վրա:

Այսպիսով, երբ արծիվը բավականին հեռանում է այն ժայռից, որի վրա իր բույնն է, այդ կողմնորոշման օրգանն սկսում է արտադրել մի նյութ, որը ներթափանցում է արյան մեջ, և նա սկսում է իրեն վատ զգալ, անհարմարավետության զգացում ունենալ: Այդ ժամանակ արծիվն արագ ետ է դառնում, և կողմնորոշման օրգանն սկսում է աշխատել որպես ուղեցույց՝ նրան անծանոթ տեղանքից վերադարձնելով դեպի հարազատ ժայռն ու բույնը:

Պատկերացրեք, թե ինչ շնորհք է մեզ տրված. մենք ունենք Սուրբ Հոգի, Ով մեզ միշտ կօգնի՝ կողմնորոշվելու, անհարմարավետություն զգալու, երբ ինչ-որ տեղ «շեղվենք», կեղծ ուսմունքների «թավուտների» մեջ մտնենք, նույնիսկ երբ ճշմարտության մեղրով լի տակառի մեջ մի փոքրիկ գդալ ստի կուպր խառնված լինի: Կարծես թե ամեն ինչ ճշմարտանման է, բայց մեր մեջ եղող այդ «փոքրիկ սարքն» սկսում է գործել: Ամենից կարևորը` մեր մեջ այդ հոգևոր զգոնությունը զարգացնելն է: Եթե զգայուն ես Սուրբ Հոգու հանդեպ, նույնիսկ ամենանուրբ մոլորության և հերձվածության բախվելիս հստակ կհասկանաս, որ ինչ-որ բան ճիշտ չէ: Ժամանակի հետ կհասկանաս, թե ինչը ճիշտ չէր, բայց գուցեև անհրաժեշտ չէ հասկանալ. պարզապես շրջվի՛ր և թռի՛ր դեպի տուն, քո «կողմնացույցը» քեզ տեղ կհասցնի: Վերադարձի՛ր հայրենիք, ակունքներիդ, Հիսուս Քրիստոսին, Ով քեզ փրկություն է տվել, Աստծո Խոսքին, Նրա մաքրությանն ու բարձունքին: Հիսուսը ժայռն է, մեր կյանքի ամրությունը, և մեր բույնը պետք է լինի այնտեղ, որտեղ Հիսուսն է, այսինքն՝ Նրա բարձրության վրա:

  1. Արծվի աչքերը:

Ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել մի զարմանալի փաստի վրա. արծվի աչքերն ունեն 275 աստիճանի տեսողության անկյուն: Ի՞նչ է տեսողության անկյունը: Նայե՛ք առաջ: Դուք հստակ տեսնում եք այն ամենը, ինչ կա ձեր առջև, իսկ կողային տեսողությամբ թեև ինչ-որ բան տեսնում եք (օրինակ` գունավոր պտեր,  շարժում), բայց հստակ չեք տեսնում: Դուք բավականաչափ հստակ կարող եք տեսնել, երևի, 90 աստիճանով: Բայց ահա արծվի մոտ այդ տեսողությունը 275 աստիճան է: Նա գրեթե ամբողջությամբ, ծավալուն, միևնույն հստակությամբ տեսնում է թե՛ դիմացը, թե՛ կողքերը (մի բան, որ մեզ այնքան էլ չի հաջողվում): Ահա թե ինչ  յուրահատուկ տեսողություն ունի արծիվը: Ցանկանում եմ նշել, որ տղամարդկանց մոտ ավելի զարգացած է դեպի հեռուն տեսնելու կարողությունը, իսկ կանանց մոտ` կողային տեսողությունը: Հավանաբար, այդ պատճառով է, որ տղամարդիկ, մեծամասնությամբ,  ստրատեգներ են՝ նայում են առաջ և հեռուն, իսկ կանայք ավելի լավ կողմնորոշվում են տեղում՝ նրբանկատորեն լուծելով բարդ իրավիճակներ: Բայց արծվի մոտ այդ բոլորը համատեղվել են: Նա տեսնում է և՛ լայնակի, և՛ հեռուն, և՛ բացարձակ հստակ:

Քրիստոսի մարմնում աչքերը խորհրդանշում են մարգարեական ծառայությունը: Մարգարեն ավելի հեռուն է տեսնում, քան սովորական մարդիկ: Նա ապրում է միաժամանակ երկու աշխարհներում` հոգևոր և ֆիզիկական: Մարգարեն տեսնում է այն, ինչ չեն տեսնում ուրիշները: Այդ պատճառով մարգարեներն այդքան բարկություն էին առաջացնում. նրանց չէին հասկանում, քարկոծում էին, դուրս քշում քաղաքներից, գցում գարշահոտ փոսերի մեջ: Եվ այդ ամենի պատճառն այն էր, որ նրանք ասում էին այն, ինչ տեսնում էին, իսկ երկրի ղեկավարներին դա դուր չէր գալիս: Նրանք ցանկանում էին լսել և հավատալ այն մարգարեներին, ովքեր շոյում էին իրենց լսողությունը: Սակայն մարգարեի կյանքն իրեն չի պատկանում: Աստված նրան տալիս է Իր տեսիլքը և հանձնարարում՝ մյուսներին էլ հասցնել այն, ինչ նա տեսնում է: Այդ պատճառով հարց է առաջանում` նմանօրինակ արտասովոր հոգևոր տեսողությունն օրհնությո՞ւն է, թե՞ բեռ: Երբ Աստծո հետ ես, դա, անկասկած, օրհնություն է: Չնայած նրան, որ մարմնավոր տեսանկյունից դա կարող է բեռ լինել:

Եվս մի գործոն: Արծվի համայնապատկերային տեսողությունը հասնում է 7,5 քառակուսի կիլոմետրի: Ահա նա թռչում է 7,5 կիլոմետր բարձրության վրա և, նայելով ներքև, իր լայնակի տեսողությամբ միաժամանակ տեսնում նույն չափի տեղանք` 7,5 քառակուսի կիլոմետր: Եթե բարձրանանք շենքի տանիքին,  մենք նույնպես ավելին կտեսնենք, քան երկրորդ հարկի պատշգամբից նայելիս: Ակնհայտ է, որ որքան բարձրանում ես, այնքան ավելի մեծ մակերես կարող է ընդգրկել քո հոգևոր տեսողությունը՝ տեսիլքը: Այդ պատճառով մենք պետք է սովորենք բարձրանալ հոգու մեջ,  մեր քթից այն կողմ տեսնել, մեզ շրջապատող իրադարձություններից հեռու նայել: Արծվի օրինակը մեզ համար հիանալի հնարավորություն է՝ մարզվելու և բարձունքին հասնելու համար:

Աստվածային հոգևոր տեսողությունը մեզ թույլ է տալիս համայնապատկերային տեսնել իրադարձությունները: Ոմանք տեսնում են, որ խանութում գները բարձրացել են, և դա նրանց տեսողության ամենահեռավոր սահմանն է: Նրանց այլևս չի հետաքրքրում այն, ինչ գտնվում է այդ տեսիլքից այն կողմ. դա նրանց համար հասկանալի չէ: Բայց չէ՞ որ այն հանգամանքը, որ խանութում գները բարձրացել են, ինքնին չնչին բան է: Եթե բարձրանաս մի փոքր վեր, կտեսնես, թե ինչ է կատարվում աշխարհում առհասարակ` գլոբալ տաքացում, ժայթքող հրաբուխներ, աղետներ: Չարը բազմապատկվում է, ամեն կողմից սողոսկում են տարբեր սատանայական ուսմունքներ, որոնք քողարկվում են տարբեր դիմակներով, նույնիսկ թափահարում Աստվածաշնչերն ու խաչերը… Մենք տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում, համապատասխանում է Աստծո Խոսքին` երևում են վերջին ժամանակների բոլոր նշանները: Որքան վեր ես բարձրանում, այնքան մեծ տարածք ես տեսնում: Դու այլևս ուշադրություն չես դարձնում, թե ինչ է տեղի ունենում հարևան խանութում, այլ ավելի շատ կենտրոնանում ես այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում քո քաղաքում կամ երկրում: Եվ առհասարակ, քեզ հետաքրքրում է, թե ինչ ուժ է շարժվում ամբողջ Երկրի տարածքով, ինչ արթնություն է տեղի ունենում և որտեղ: Դու ամեն իրադարձություն տեսնում ես գլոբալ՝ երկրագնդի գոյատևման համար աստվածային ծրագրերի մասշտաբով: Եվ այդ ժամանակ քեզ համար միևնույն է, թե ինչ արժե խանութում մթերքը. դա քեզ չի հուզում: Ոչ թե գներն են բարձրացել, այլ դու պետք է ավելի շատ վաստակես, բայց դա քեզ այլևս չի անհանգստացնում:

Պետք է ազատվել աղքատի հոգեբանությունից: Պետք է ասել. «Տե՛ր, թեև խանութում գները բարձրացել են, բայց ես գիտեմ, որ Դու ես իմ օրհնությունը և մատակարարը: Դու ինձ այնպես օրհնիր, որ ես չնայեմ այդ մանրուքներին, այլ նայեմ հեռու և վեր: Այդ ժամանակ իմ ծրագրերը նույնպես գլոբալ կլինեն»: Ահա, այսպիսի դիրքորոշում է մեզ տալիս բարձր կետից համայնապատկերային տեսիլքը:

Արծվի տեսողությունն ութ անգամ ավելի սուր է, քան մարդունը: Մարգարեներն ավելին են տեսնում, քան հասարակ մարդիկ: Նրանք այնքան նուրբ, մանր բաներ են տեսնում, որոնք սովորական աչքով չեն երևում, և ուրիշները չեն տեսնում: Մենք հենց այդպիսի սուր հոգևոր տեսողություն պետք է զարգացնենք: Երբեմն զրուցում ես մարդու հետ և ամեն ինչ բառացի ընկալում՝ ընդունելով այն, ինչ նա քեզ պատմում է: Բայց երբեմն բացվում է հոգևոր տեսողությունդ, և դու հասկանում ու զգում ես, որ ինչ-որ բան այն չէ. ինչ-որ տեղ սուտ կա, կամ էլ ինչ-որ խնդիր, հիվանդություն, որի մասին դիմացինդ լռում է: Ահա սա հենց այն տեսողությունն է, այն սրությունը, որ սովորական աչքին հասանելի չէ: Այդ ամենը մեզ Սուրբ Հոգին է տալիս, և մենք պետք է սովորենք ականջ դնել Նրան մեր ներսում, զարգացնել մեր մեջ այդ հատկությունը:

Արծվի տեսողության ևս մի հետաքրքիր առանձնահատկություն կա: Մենք արդեն գիտենք, որ նա հավասարապես տեսնում է և՛ դիմացը, և՛ կողքերը: Բացի դրանից, նա  միատեսակ սրությամբ տեսնում է և՛ այն, ինչ առջևում է, և՛ այն, ինչ հեռվում է: Լինելով երկրից 7,5 կիլոմետր բարձրության վրա՝ նա իր ապագա զոհի՝ օձի թեփուկները տեսնում է նույնքան հստակ, որքան  կտեսներ 1 մետր բարձրությունից: Ահա, այսպիսի աստվածային տեսանկյուն ունենք մենք, որը պետք է զարգացնենք, որպեսզի կարողանանք տեսնել և՛ շնչավորը, և՛ հոգևորը, և՛ բարձրը, և՛ այն,  ինչ այստեղ է՝ մեր կողքին՝ երկրի մակարդակի վրա: Ինչո՞ւ: Որովհետև մենք պետք է միևնույն հաջողությամբ ծառայենք ինչպես հոգևոր բարձր մակարդակի վրա եղող անձանց, այնպես էլ սովորական, մարմնավոր մարդկանց, որոնք մեզ հետ շփվում են սովորական, շնչավոր մակարդակի վրա: Մենք պետք է նրանց խնդիրները տեսնենք նույնքան պարզ և հստակ, որքան իրենք: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես են նրանք տեսնում, և մեր մեջ հեռատեսություն զարգացնենք: Այսպիսով, մենք պետք է սովորենք տեսնել և՛ մոտիկից, և՛ հեռվից, և՛ մեծը, և՛ փոքրը: Չէ՞ որ այն Աստված, Ով բնակվում է մեր մեջ, կատարյալ է. Նա ամեն ինչի մեջ ներթափանցում է: Աստծո համար խնդիրներ չկան. նշանակում է՝ մեզ համար նույնպես խնդիրներ չկան, երբ առաջնորդվում ենք Սուրբ Հոգով: Աստված մեզ թույլ է տալիս տեսնել այնպես, ինչպես Ինքն է տեսնում: Նա բացում է մեր տեսողությունը և դարձնում բազմակողմանի, ինչպես արծիվներինը:

Սողոմոն թագավորը Առակաց 30-րդ գրքում թվարկում է մի քանի բաներ, որ իր համար անհասկանալի և անբացատրելի են, և դրանցից առաջինը արծվի ուղին է երկնքում: Ո՞ւր է թռչում արծիվը: Ինչո՞ւ է թռչում: Ինչո՞ւ է շրջանաձև սավառնում:

Դանիել մարգարեն ապրում էր Հին ուխտի ժամանակներում՝ Հիսուս Քրիստոսի ծնունդից շատ առաջ, բայց հոգու մեջ տեսնում էր վերջին ժամանակները: Նրան հաջողվեց այնքան բարձրանալ, որ Աստծո աչքերով տեսավ ոչ միայն մեծ տարածքներ, այլև շատ հեռուն՝ Երկրի գոյատևման վերջին ժամանակները: Նա տեսավ այն, ինչ պետք է տեղի ունենար մեր օրերում: Նրան նույնպես չէին հասկանում՝ ինչպես և մյուս մարգարեներին: Հիմա մենք ապրում ենք հենց այն վերջին ժամանակներում, որ տեսնում էր Դանիել մարգարեն, և շատ կարևոր է, որ Աստծո եկեղեցին օգտագործի իր մարգարեական օծությունը: Եկեղեցու յուրաքանչյուր անդամ, ով ունի Սուրբ Հոգի, ունի մարգարեական օծություն, որը պետք է զարգացնի իր մեջ: Երբ մեր մեջ զարգացնում ենք վեր բարձրանալու հմտությունները, սկսում է գործել մեր հոգևոր տեսողությունը, ոչ թե մարմնավորը: Այդ տեսողությունը մեզ ամեն բան ցույց է տալիս ավելի խորը, սուր, հստակ: Մեզ համար ավելի հասկանալի են դառնում մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները: Մեզ վռնդում են Կովալյովի փողոցի 72-րդ շենքից, որովհետև այդ հողը ինչ-որ մեկին պետք է կոտեջային ավան կառուցելու համար, բայց դա ձևական պատճառ է: Մեզ վռնդում են այդ տարածքից, որովհետև սատանան ապստամբում է Քրիստոսի Մարմնի դեմ այնտեղ, որտեղ կա շարժ, կյանք. նա ապստամբում է այն եկեղեցու դեմ, որը քնած չէ: Նա օգտագործում է մարմնավոր մարդկանց՝ տալով այնպիսի գաղափարներ, որոնք հասկանալի են իրենց մակարդակի վրա: Մենք պետք է տեսնենք այն, ինչ տեղի է ունենում ավելի խորը, քան հողակտորի և շենքի համար ընթացող մակերեսային պայքարը: Այդ ժամանակ կկարողանանք ճիշտ աղոթել, ճիշտ դնել մեր աղոթքների ջանքերի վեկտորը: Ունենալով իրադարձությունները խորությամբ ընկալելու կարողություն՝ մենք կարող ենք քանդել բոլոր հարձակումները:

  1. Արծվի հայացքը:

Արծիվն ունի հանդուգն հայացք, որի մեջ երբեք վախ չկա: Հիշում եմ, որ մի օր մեր հովիվը բացատրում էր, թե ինչ է հանդգնությունը: Նա ասում էր, որ հանդգնությունը՝ սուրբ անամոթություն է: Սովորաբար, հանդգնությունն այն է, երբ դու, ուշադրություն չդարձնելով ոչ մի բանի, անում ես այն, ինչ որոշել ես: Բայց սուրբ հանդգնությունը հիմնված է խորը հայտնության վրա, որ այն, ինչ դու անում ես, Աստծո կամքն է: Ահա այսպիսի հանդգնությունը մեզ շատ է անհրաժեշտ: Արծիվներն այդպիսի հանդգնություն ունեն: Նրանք ոչ ոքի հետ չեն խորհրդակցում: Նրանց աստվածային բնությունը ղեկավարում է իրենց: Մենք, ունենալով աստվածային հայտնություն, պետք է հանդգնություն ունենանք՝ Քրիստոսի Մարմնի մեջ կատարելու այն գործերը, որոնց ետևում, ինչպես համոզված ենք, Աստված է կանգնած: Մենք չպետք է սասանվենք, այլ պետք է ունենանք արծվի տեսողություն, ոչ թե բրոյլեր հավի հայացք: Հասկանո՞ւմ եք: Նայե՛ք մյուս թռչնակների աչուկներին. դրանք լավագույն դեպքում ոչինչ չեն արտահայտում, իսկ երբեմն վախ են արտահայտում: Աղավնիներն այս ու այն կողմ են նայում, որ ուտելիք գտնեն: Այնպիսի տպավորություն է, կարծես նրանք անընդհատ ուտում են կամ կերակուր փնտրում:

Արծիվները բոլորովին այլ հայացք ունեն: Նրանք կարող են ուղղակի նստած լինել, բայց երբ նայում եք նրանց աչքերին, մեծ արժանապատվություն եք տեսնում:

Արծիվները վախ չունեն: Սա հենց այն է, որ մենք պետք է ընդօրինակենք: Մեր աչքերը չպետք է վախկոտ լինեն: Աչքերը հոգու հայելին են: Մեր հոգեկան վիճակը պետք է ենթարկվի մեր հոգուն: Եթե մեր հոգին առողջ է, մեր շունչն էլ է առողջ, հայացքն էլ.  այնտեղ չկա վախ, խորամանկություն:

Մենք չպետք է թաքցնենք մեր աչքերը: Մեր հայացքի մեջ պետք է լինի թագավորի զավակին վայել արժանապատվություն, որովհետև մենք հենց թագավորի զավակներ ենք: Եվ դա առավելություն չէ այս աշխարհի հանդեպ, այլ՝ բացարձակ ներքին արժանապատվություն: Մենք այս աշխարհի և մարդկանց համար ծառաներ ենք և եկել ենք՝ շարունակելու այն, ինչ արել է Հիսուսը: Նա որպես ծառա եկավ այս աշխարհ: Մենք մեր հոգում գիտենք, որ թագավորի զավակներ ենք, որ կոչում ունենք, և դա պետք է երևա մեր աչքերում:

Ովսե 8.1. «Փողը բերանիդ, արծվի պես հարձակվում է Տիրոջ տան վրա թշնամին, որովհետև զանց արին Իմ ուխտը և Իմ օրենքի դեմ հանցանք գործեցին»:

Այստեղ ասվում է, որ արծիվը կհարձակվի Աստծո տան վրա՝ նրանց մեղքերի պատճառով: Դուք տեսնում եք, որ Աստված մեղքի և անմաքրության հանդեպ Իր պատասխան գործողությունները համեմատում է նրա հետ, թե ինչպես է արծիվը հարձակվում իր զոհի վրա:

Արծիվները բռնում և ոչնչացնում են օձերին: Եթե մենք էլ «օձային» ինչ-որ դրսևորումներ ենք նկատում, պետք է դրանց հարցերը լուծենք՝ առանց վախի: Եթե տեսնում ենք, որ Քրիստոսի Մարմնի մեջ ինչ-որ անմաքրություն է սողոսկել, պետք է հանդգնորեն լուծենք դրա հարցերը, ոչ թե դա ծնկածալ ողջունենք՝ վախենալով մարդուն նեղացնելուց:

  1. Արծվի թռիչքը:

Արծիվն ինքը չի թռչում, այլ վեր է սլանում քամու հոսանքով: Քամին օդի ջերմաստիճանի տատանման հաշվին օդային շերտերի տեղափոխությունն է: Մենք քամին չենք տեսնում, բայց քամու աշխատանքը տեսնում ենք: Ի՞նչ է անում քամին: Այն քշում է փոշին, թղթի կտորները, երբեմն էլ, ուժգնանալով, կարող է ավազը մեր աչքերի մեջ լցնել, ստեղծել փոթորիկներ և մրրիկներ: Այդ ամենը քամին է անում, բայց մենք քամին չենք տեսնում: Ահա թե որն է  արծվի մարգարեական բնույթը մեզ համար. արծիվները կարողանում են միանալ անտեսանելիին՝ օդային հոսանքին: Նրանք նստում են՝ ուղղելով թևերը, պատրաստվելով թռիչքի, բայց չեն թռչում հենց այնպես, այլ սպասում են այդ հոսանքին: Նրանք նման չեն ճնճղուկներին, որոնք անընդհատ թափահարում են իրենց թևիկները, որպեսզի օդային հոսանք ստեղծեն թռիչքի համար: Եթե արծիվն այդպես անի, շուտ կհոգնի: Նա ունի թեթև կմախք՝ համեմատած իր բավական ծանր քաշի հետ, և քամու կարիք ունի, որպեսզի առավելագույնս օգտագործի իր ահռելի թևերի աերոդինամիկ ընդունակությունները: Այդ պատճառով արծիվները թևերը չեն թափահարում. նրանք սավառնում են, ծրագրում նվազագույն շարժումներ, բայց ամենուր հասցնում են և անում են այն, ինչ պետք է:

Շատ հետաքրքիր մի փաստ կա: Արծվի արագությունը քամու բացակայության դեպքում մեկ ժամում 50 միլ է: Միլը՝ 1670 մետր է: Քամու առկայության դեպքում նա կարող է երեք անգամ ավելի մեծ արագություն զարգացնել, այսինքն՝ մեկ ժամում 150 միլ: Ի դեպ, ընդհանրապես կարևոր չէ, թե որ ուղղությամբ է փչում քամին: Արծվի զարմանալի հատկանիշներից մեկն էլ այն է, որ նա ոչ միայն կարողանում է թռչել հանդիպակաց քամու ժամանակ, այլև գետնից վեր բարձրանալ հենց հանդիպակաց քամու հոսանքով՝ ոչ թե համընթաց, այլ հանդիպակաց, որը քշում է մյուս թռչուններին: Արծիվը կարողանում է իր թևերն ու պոչն այնպիսի անկյան տակ թեքել, որ հանդիպակաց քամու հոսանքները նրան ուժեղ ազդակ են հաղորդում թռիչքի համար: Որքան ուժեղ է քամին, այնքան ուժգին ու կտրուկ է արծվի թռիչքը:

Արծիվներն ընդունակ են թռչելու մրրիկի, փոթորկի ժամանակ: Նրանք չեն վախենում, որովհետև սովորել են օգտագործել հանդիպակաց քամու ուժը:

Սա հիասքանչ օրինակ է քրիստոնյաներիս համար: Մենք հաճախ ուղղակի կանգ ենք առնում, երբ հանդիպակաց քամի է փչում: Այդ քամին կարելի է համեմատել մեր կյանքի իրավիճակների, ճնշումների, փորձությունների հետ: Այդպիսի իրավիճակներում, սովորաբար, մտածում ենք, որ երևի հարկավոր է նստել և սպասել: Այո՛, լինում են դեպքեր, երբ պետք է նստես, ձեռքերդ ծալես և խորհես: Բայց երբեմն, չնայելով ոչ մի արգելքի, պետք է անպայման գործել:

Ես բազմիցս համոզվել եմ, որ նմանօրինակ իրավիճակներում ամենաճիշտը տրամադրվելն ու հանդիպակաց քամիով առաջ շարժվելն է: Երբ ինչ-որ բան մեզ հակառակ է, երբ զգում ենք դիմակայության ուժը, Աստծո օգնությամբ կարող ենք դա փոխել ի բարին, ուժ ստանալ նոր մղման, նոր թափի, նոր թռիչքի համար: Եվ մենք պետք է անպայման սովորենք այդպես վարվել: Արծիվը օրինակ է մեզ համար: Եթե Աստված Իրեն համեմատում է արծվի հետ, ապա մենք անպայման սովորելու բան ունենք նրանցից:

Եթե ընկնում ես այնպիսի իրավիճակների մեջ, որտեղ ուժեղ դիմակայություն է, մտածի՛ր, թե ինչ անկյան տակ դնես քո հոգևոր պարգևներն ու պտուղները:  «Պոչիկը» նույնպես քեզ կօգնի. Աստծո եկեղեցին, որ միշտ քո կողքին է, քեզ կտա անհրաժեշտ աջակցություն, ուղղություն, և դու կկարողանաս դիմակայության ուժը փոխել ի բարին՝ կյանքում նոր բարձունքի հասնելու համար:

  1. Արծիվները չեն տառապում միայնակությունից:

Արծիվները, առանց խնդիրների, միայնակ թռչում և որս են անում: Դրա հետ մեկտեղ նրանք ունեն շատ ուժեղ զարգացած եղբայրական հարաբերություններ միմյանց հետ, ինչի մասին ավելի ուշ կխոսենք: Այդ թռչունները միանգամայն ինքնաբավ են, երբ վեր են բարձրանում: Երկնքում նրանք բավարարված են՝ լինելով մենության մեջ, որովհետև միաձուլվում են քամու, օդային հոսանքների հետ, որոնք այնտեղ`վերևում են: Այնտեղ է, որ նրանք ստանում են քամու ուժը: Այնտեղ է, որ նրանք չեն թափահարում թևերը, այլ ընդունակ են ժամերով սավառնելու՝ վայելելով բարձունքը:

Ես բացարձակ համոզված եմ, որ քրիստոնյաները պետք է սովորեն մենության մեջ լինել և իրենց միայնակ չզգալ: Այդ խնդիրը գոյություն ունի ոչ միայն աշխարհում, այլև եկեղեցում: Կան պահեր, երբ մարդիկ պետք է առանձնանան, բայց չեն կարողանում:

Սարսափով եմ հիշում, որ ես, մինչ Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալը, ընդհանրապես չէի կարողանում մենակ մնալ տանը: Կամ հարևաններն էին ինձ հյուր գալիս,  կամ` ընկերուհիներս, կամ՝ երեխաներիս ընկերները: Մեր տանն անընդհատ ինչ-որ «հավաքույթ» պետք է լիներ: Երբ մենակ էի մնում, դեպրեսիայի մեջ էի ընկնում և ինձ միայնակ էի զգում: Ցավոք սրտի, նույնը նկատում եմ շատ մարդկանց կյանքում: Ունենալով Աստծո հետ փոխհարաբերություններ՝ նրանք իրենց միայնակ են զգում: Դա պետք է հաղթահարել: Սխալ է այդ զգացումով ապրելը: Չէ՞ որ, սկսած այն պահից, երբ Սուրբ Հոգին մտավ մեր կյանքի մեջ, և Հիսուսը միացավ մեզ, մենք այլևս  միայնակ չենք: Ես հիմա ոչ մի իրավիճակում միայնակություն չեմ զգում: Սիրում եմ առանձնանալ, միայնակ լինել, և դա ինձ չի խանգարում միանալ Աստծո հետ, բարձրանալ այն բարձունքի վրա, որտեղ Նա է, խորհել արծվային թռիչքի բարձրությունից:

Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել Աստծո հետ և տառապել միայնակությունից՝ ասելով. «Աստվա՛ծ, Դու ինձ ամուսին (կամ կին) չես տալիս: Չէ՞ որ ես այսքան տարիներ Քեզ ծառայում եմ…»:

Հասկացե՛ք, թանկագիննե՛րս, ոչ ոք չի լրացնի ձեր սրտի դատարկությունը, եթե դուք թույլ չեք տվել, որ այդ տեղը լրացվի Աստծո հետ ձեր փոխհարաբերություններով: Դուք վերջնականապես չեք ազատվի միայնակությունից, եթե չկարգավորեք Աստծո հետ փոխհարաբերությունները, նույնիսկ եթե ընտանիք, կին, ամուսին, երեխաներ ունեք: Ես գիտեմ, որ որոշ չամուսնացած կանայք ասում են. «Ինձ այդպես էլ չհաջողվեց  ընտանիք կազմել, միգուցե երեխա ունենամ՝ ծերության ժամանակ մենակ չմնալու համար»: Հասկանո՞ւմ ես, երեխան  շնիկ  չէ, որ նրան «ձեռք բերես»՝ միայնակությունդ փարատելու համար: Եվ դա չի էլ լուծի միայնակության խնդիրը: Մեր սրտի մեջ կա տեղ, որ միայն Աստծուն է պատկանում: Ոչ մի մարդ չի կարող լրացնել այդ տեղը: Ցավալի է, եթե եկեղեցում կան քրիստոնյաներ, ովքեր իրենց միայնակ են զգում կամ իրենց խղճում են այն բանի համար, որ իրենց կյանքն այլ կերպ է դասավորվել, քան իրենք կցանկանային: Ես ձեզ համար կենդանի օրինակ եմ, թե ինչ է անում Աստված:
Ընդունելով Աստծուն և միանալով եկեղեցուն՝ ես ոչ մի օր ինձ միայնակ չեմ զգացել: Ես շատ վաղ եմ ամուսնացել` 18 տարեկանում, իսկ 26-ում արդեն բաժանվել եմ՝ մնալով երկու երեխաներիս հետ: Հիմա 46 տարեկան եմ և 20 տարի է՝ ամուսնացած չեմ: Ընդ որում,  13 տարի է՝ Աստծո հետ եմ ապրում և ոչ մի անգամ ինձ միայնակ չեմ զգացել: Երբեք մտքովս չի անցել ինձ խղճալ այն բանի համար, որ այնքան խելացի և գեղեցիկ եմ, ու դեռ ծեր չեմ, բայց մինչև հիմա մենակ եմ: Ես միշտ իմացել եմ, որ եթե ինչ-որ բան էլ չունեմ, միևնույն է, այն, ինչ ունեմ Աստծո հետ, ավելին է, քան իմ չունեցածը:

Մենք ունենք ավելին, քան այն ամենը, ինչ չունենք կամ կարող ենք կորցնել կյանքում: Եթե պահպանենք Աստծո հետ մեր փոխհարաբերությունները, ինչ էլ կորցնենք, միևնույն է, դա չի կարելի համեմատել նրա հետ, ինչ ստացել ենք Աստծուց: Նա մեզ տվել է անգին հարստություն` անսահման սեր, մշտաբուխ աղբյուր, որտեղից կարող ենք խմել զորություն, առողջություն, ուրախություն և կյանք: Ոչ մի մարդ չի կարող մեզ տալ այդ ամենը:

Մենք պետք է սովորենք առանձնանալ՝ միաձուլվելով անտեսանելի Աստծո հետ, ինչպես  արծիվներն են միաձուլվում քամու հետ: Առավել ևս, եթե մենք, որպես Աստծո զավակներ, ապրում և շարժվում ենք մարգարեական օծությամբ: Մենք պետք է պատրաստ լինենք, որ մեզ նույնիսկ եկեղեցում ոչ բոլոր մարդիկ կհասկանան, բայց ինչ-որ մեկը, անպայման, կհասկանա: Քրիստոսի Մարմնի մեջ անբավարարություն չկա: Ամենակարևորն այն է, որ Աստված քեզ հասկանա: Իսկ Նա քեզ հասկանում է: Նա կարողանում է տեսնել և լսել այնպես, ինչպես պետք է: Նա կթափանցի սրտիդ ամենախորքը և դուրս կհանի (եթե Նրան թույլ տաս) այն, ինչ թաքնված է այնտեղ, նույնիսկ եթե այնքան խորն է թաքնված, որ ինքդ էլ չես տեսնում, որովհետև արդեն 20 տարի է՝ չես նայել այնտեղ: Ամենագլխավորը՝ Աստծո հետ փոխհարաբերությունն է: Այդ ժամանակ երբեք քեզ միայնակ չես զգա:

Ես ուզում եմ խոսել նաև այն մասին, թե ինչ իմաստուն թռչուններ են արծիվները: Մենք դեռ սովորելու բան ունենք այդ թռչուններից: Դուք գիտե՞ք, թե ինչպես է էգ արծիվը հայր ընտրում իր արծվիկների համար: Նա  մի հետաքրքիր բան է անում՝ ծառից կամ թփից  կտուցով մի ճյուղ է պոկում և, բարձրանալով շատ վերև, սկսում է օդում պտտվել: Էգ արծվի շուրջը արծիվներ են հավաքվում: Այդ ժամանակ նա ճյուղը գցում է ներքև ու նայում: Եվ ահա, արծիվներից մեկն այդ ճյուղը օդի մեջ բռնում է՝ չթողնելով, որ վայր ընկնի, բերում է էգի մոտ և շատ զգուշորեն` կտուցից կտուց, վերադարձնում նրան: Էգը վերցնում է ճյուղը և կրկին գցում ներքև: Արուն դարձյալ ճյուղը բռնում և բերում է էգին: Եվ այսպես շարունակվում է շատ անգամներ: Եթե արուն ամեն անգամ ճյուղը բռնում և ետ է բերում, էգը նրան է ընտրում զուգավորման համար: Թե ինչու է նա այդպես վարվում, հետո կհասկանաք: Նրանք բարձր ժայռի վրա կոշտ ճյուղերից բավական նոսր և կոպիտ բույն են հյուսում, որից հետո կտուցով իրենց մարմնից աղվամազեր և փետուրներ պոկում ու ծածկում բոլոր անցքերը՝ բույնը դարձնելով փափուկ և տաք: Այդ բնի մեջ էգը ձվադրում է, հետո նրանք երկուսով թուխս են նստում: Երբ հայտնվում են արծվիկները (իսկ նրանք լույս աշխարհ են գալիս շատ փոքրիկ, առանց փետուրների, անօգնական), ծնողները նրանց ծածկում են իրենց մարմնով, թևերով պատսպարում անձրևից ու կիզող արևից, կտուցով ջուր ու կերակուր  բերում նրանց համար, մինչև որ նրանք ամրանան: Որոշ ժամանակ անց սկսում են աճել նրանց փետուրները, ամրանալ թևերն ու պոչը: Եվ ահա, նրանք արդեն փետրավորվել են, չնայած որ դեռ փոքր են: Մայրն ու հայրը տեսնում են, որ արդեն ժամանակն է…: Հայրը նստում է բնի ծայրին և  թևերով խփում ու թափ տալիս բույնը: Ինչի՞ համար: Որպեսզի աղվամազն ու  փետուրները թափվեն, և մնա միայն ճյուղերից հյուսված կոշտ կարկասը: Ձագերը նստած են մնում բնի մեջ, որն այլևս առաջվա պես  հարմարավետ չէ, բացի դրանից անցքերից փչում է: Նրանք չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում, չէ՞ որ մայրիկն ու հայրիկն այնքան քնքուշ և հոգատար էին: Հանկարծ մայրիկն ինչ-որ տեղ է թռչում` ձուկ բռնելու, և բնից 5 մետր հեռավորության վրա նստում, որ ձագերն իրեն տեսնեն: Նա ձագերի աչքի առջև կամաց-կամաց սկսում է ուտել այդ ձուկը: Ձագերը բնի մեջ նստած գոռում են, ճվճվում. մի՞թե ամեն ինչ կորած է, չէ՞ որ առաջ ամեն բան այլ էր, մայրիկն ու հայրիկն իրենց կերակրում էին, իսկ հիմա բույնը կոշտացել է, աղվամազեր և փետուրներ  չկան, ծնողները ձուկն ուտում են, իսկ իրենց չեն տալիս: Ի՞նչ անել: Չէ՞ որ ուտել են ուզում: Եվ այդ ժամանակ նրանք սկսում են այնպիսի շարժումեր անել, որ առաջ երբեք չէին արել և չէին էլ անի, եթե ծնողները շարունակեին հոգալ նրանց մասին: Նրանք սկսում են սողալ բնից դուրս:

Մի անգամ «Discovery»-ի հեռուստաալիքով մի  ֆիլմ էի դիտում և շատ ծիծաղեցի այդ ձագերի վրա: Ահա արծվիկը դուրս է ընկնում բնից: Նա այնքան անճոռնի է, դեռևս ոչինչ չի կարող, ոչինչ չգիտի: Բույնը ժայռի վրա է՝ ուղղաբերձ ապառաժի, որ ոչ մի գիշատիչ չկարողանա մոտիկ գալ: Ձագը փորի վրա սահում է այդ թեքությունից, իսկ հետո ընկնում անդունդը: Եվ ահա հայտնվում է հայրիկը (ով մի ժամանակ ճյուղն էր բռնում), սրընթաց ներքև նետվում և իր մեջքի վրա վերցնում ձագին՝ չթողնելով, որ նա ջարդուփշուր լինի: Այդպես նա ձագին կրկին բարձրացնում է անհարմարավետ բնի մեջ,  և ամեն ինչ նորից է սկսվում: Ձագերն ընկնում են, իսկ հայրը նրանց բռնում է:

Դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Աստված Իր մեջքի վրա տանում Իր ժողովրդին. նրանք անընդհատ ընկնում էին, իսկ Հայրը արծվի պես Իր մեջքի վրա էր դնում նրանց ու բարձրացնում:

Արծիվների ձագերից ոչ մեկը չի մահանում: Ընկնելու ընթացքում ձագն սկսում է այնպիսի շարժում անել, որ առաջ երբեք չէր արել` քամու տակ նա ուղղում է իր թևերը և, հայտնվելով օդային հոսանքի մեջ, սկսում է թռչել: Արծիվներն այսպես սովորեցնում են իրենց ձագերին: Եվ հենց որ ձագն սկսում է ինքնուրույն թռչել,  ծնողները նրան տանում և ցույց են տալիս այն տեղերը, որտեղ ձուկ կա: Նրանք այլևս կտուցով ձուկ չեն բերում նրա համար:

Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես պետք է դաստիարակել մեր հոգևոր և ֆիզիկական երեխաներին: Այնքան կարևոր է չափից ավելի չպահել նրանց տաքուկ բնի մեջ: Այնքան կարևոր է ժամանակին կանգ առնել և թույլ տալ, որ իրենք ինքնուրույն ձուկ բռնեն, երբ արդեն կարող են: Եվ իհարկե, մեծ հոգատարություն է պահանջվում՝ նրանց թռչել սովորեցնելու համար. մենք պետք է դրան նվիրենք մեր ուժերը, ժամանակը, իմաստությունը և հմտությունները: Իզուր չէ, որ էգն արուին ընտրում է՝ գցելով ճյուղը: Չէ՞ որ նա չի ուզում, որ իր երեխաները մահանան: Եթե, առանց ստուգելու, անտարբեր հայրիկ  ընտրես, հետո չես կարողանա բոլոր ձագերիդ ետ բերել: Առանց այն էլ արծիվները քիչ ձագեր ունեն` մեկ կամ երկու:

  1. 8. Արծիվների վերականգնումը:

Վերջին տեսակետը, որ ուզում եմ քննարկել` արծիվների վերականգնումն է:

Սաղմոս 103.5.  «Որ կշտացնում է քո սիրտը բարությունով և քո մանկությունը նորոգվում է արծվի պես»:

Սա խոստում է նաև մեզ համար: Ինչպե՞ս է նորոգվում արծվի երիտասարդությունը: Ես պարզել եմ, որ արծվի մոտ այդ ընթացքը 40 օր է տևում: Քառասունը աստվածային թիվ է, որը հաճախ է հանդիպում Աստվածաշնչում և որոշակի հոգևոր իմաստ է պարունակում: Ի՞նչ է տեղի ունենում այդ 40 օրվա ընթացքում: Ամեն ինչ սկսվում է նրանից, որ արծիվը թուլանում է: Ի՞նչն է պատճառը: Գալիս է ժամանակը, որ նա պետք է փոխի  փետուրները: Առաջինը` նա բավական փետուրներ է պոկել ձագեր ունենալու ժամանակ, երկրորդը` փետուրները մաշվածության և կեղտոտվածության պատճառով դառնում են ոչ այնքան հարթ, երրորդը` մակաբույծները, որոնք կուտակվում են նրա թևերի մեջ, կծում և խմում են նրա արյունը: Դա տհաճ է և դրա դեմ պետք է պայքարել:

Ի՞նչ են անում արծիվները: Նրանք բարձրանում են ժայռի վրա, մի բարձր, բաց տեղ, որտեղ լեռնային գետ կա, արև ու քամի: Պատահում է, որ մակաբույծներն ամբողջապես կերած են լինում փետուրները, այդ պատճառով արծիվը չի կարողանում թռչել ժայռի վրա: Նա մի քար է գտնում, որի վրա սկսում է սրել կտուցը, որովհետև կտուցի վրա ինչ-որ գոյացություն է առաջանում: Եթե արծիվը կտուցը չսրի, որոշ ժամանակ հետո այն կբթանա, և արծվի համար որս անելը նույնպես կդժվարանա: Սրելով կտուցը՝ արծիվն սկսում է պոկել փետուրները և դրանց մնացորդները: Նա մինչև վերջին փետուրը պոկում է՝ մնալով բոլորովին մերկ: Նա պոկում է դրանք՝ չնայած, որ արյուն է հոսում, որովհետև գիտի, որ հին փետուրների մեջ վարակ կա, և դրանք են իր խնդիրների ու ցավի պատճառը: Հին փետուրներն իրենց գործն արդեն արել են, և նա, առանց ափսոսանքի, բաժանվում է դրանցից: Եվ ահա, արծիվը սողալով քարշ է տալիս իր մերկ մարմինը, որը չի կարող թռչել. նա մեկ ընկղմվում է սառցե գետի մեջ, մեկ իրեն արևին տալիս և չորանում քամու տակ: Մաքուր ջրից, արևից և քամուց նրա վերքերը լավանում են, և նոր փետուրներ են աճում: Այդ ընթացքը 30 օր է տևում:  Եվ այդ  ընթացքում նոր, թարմ, մաքուր, բացարձակ առողջ փետուրներ են աճում: Երեսուն օր անց արծիվն արդեն կարողանում է թռչել, բայց չի թռչում, այլ սպասում է ևս 10 օր: Նա նստում է մի ստվերոտ տեղ և սպասում, որովհետև այդ ընթացքում պոչի մոտ ձևավորվում է յուղի գեղձը: Տասն օր հետո արծիվն իր նորոգված, սուր կտուցով փափկացնում է գեղձը և յուղը քսում իր մարմնին՝ գլխից մինչև թաթերը: Նա նույնիսկ չի մտածում թռչելու մասին՝ մինչև ամբողջովին այդ յուղով չպատվի: Այդ ամենից հետո նա դուրս է գալիս բաց տարածություն, ուղղում թևերը, սպասում քամուն և թռչում իր բոլորովին նոր, նորոգված արծվային ուժով, գեղեցկությամբ, վեհությամբ ու փառքով: Նա թռչում է որպես միանգամայն երիտասարդ արծիվ:

Ինչպես տեսնում եք, սա մեծ դաս է մեզ համար: Ժամանակ առ ժամանակ մենք պետք է հանենք մեր հին կոստյումը, ուսադիրները, շքանշանները…: Մեր հին հագուստները միգուցե մաշվել են, կամ էլ նրանց մեջ վարակ է բույն դրել: Ժամանակ առ ժամանակ մենք պետք է գանք կենդանի Աստծո երեսի առջև ու մերկանանք, որովհետև միայն Նա կարող է ազատել մեզ այն ամենից, ինչ մեզ պետք չէ: Միայն Նա կարող է բժշկել մեր մեջ այն ամենը, ինչը բժշկության կարիք ունի: Միայն Աստված զորություն ունի՝ մաքրելու և ազատագրելու մեզ այն ամենից, ինչ հին կյանքից կուտակել ենք մեր հոգում և մտքում: Եթե գալով Աստծո մոտ՝  մենք չմերկանանք Նրա առջև, եթե մեր կյանքի թեկուզ մի մասնիկը չհանձնենք Նրան, այնտեղ կմնա հինը: Իսկ մեզ նորն է հարկավոր: Աստված ամեն առավոտ նորոգում է Իր ողորմությունը, և դրա հետ, Աստծո խոստումների համաձայն,  արծվի պես նորոգվում է նաև մեր երիտասարդությունը: Բայց մենք պետք է թույլ տանք Աստծուն, որ անի դա: Մենք չպետք է կառչենք ոչ մի հին բանից: Աստված ցանկանում է մեզ տալ նորը` նոր օծություն, թռիչք, հագուստ:  Միգուցե Նա ուզում է նոր աստղ ավելացնել մեր ուսադիրներին… կամ էլ, ընդհակառակը, հանել մեր ուսադիրները և երկարաճիտ կոշիկների փոխարեն տրեխներ հագցնել: Ինչ տարբերություն. միայն թե դա Աստծո ձեռքը լինի: Որովհետև այն ամենը, ինչ Աստված անում է մեր կյանքում, լավագույնն է մեզ համար: Մենք չպետք է վախենանք Աստծո առջև մերկ լինելուց:

Հիշում եմ, թե ինչպես Աստծո հետ քայլելու իմ արշալույսին մի կարևոր հայտնություն ստացա: Ես վերադառնում էի Տրակտորի գործարանի մշակույթի տանը տեղի ունեցած ծառայությունից և մետրոյի մեջ նստած կարդում էի Ծննդոց գիրքը: Աստված ուշադրությունս հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադամն ու Եվան, ապրելով Եդեմի պարտեզում, բոլորովին մերկ էին և չէին ամաչում: Ես հանկարծ հասկացա, որ միայն մեղքը  կամ մեղքի զգացումն է ստիպում մարդուն ինչ-որ բան թաքցնել: Տվյալ դեպքում ես նկատի չունեմ մերկ մարմինը, այլ՝ մեր մեղավոր բնությունը, որը չի կարողանում իր հոգին մինչև վերջ բացել Աստծո առջև և ցույց տալ, թե ինչ կա այնտեղ՝ ինչպիսի մտքեր,  վերապրումներ: Գուցե ինչ որ բան քեզ ջղայնացնո՞ւմ է: Գուցե ինչ որ բան քեզ ցա՞վ է պատճառում: Գուցե չես կարողանում մոռանալ, որ ինչ-որ մեկը քեզ վիրավորական խոսքե՞ր է ասել: Գուցե քեզ դուր է գալիս ինչ-որ բան անել, որը սխա՞լ է: Մենք պետք է սովորենք այդ ամենը չթաքցնել Աստծուց, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող ենք նոր արարածներ համարվել: Դառնալով նոր արարածներ՝ մենք վերադառնում ենք Ադամի և Եվայի սկզբնական վիճակին, ովքեր բնակվում էին Եդեմի պարտեզում, երես առ երես շփվում Աստծո հետ, և նրանց մտքով չէր էլ անցնում, որ ինչ-որ բան կարելի է թաքցնել:

Մենք պետք է սովորենք այնպես ապրել, որ թաքցնելու ոչինչ չունենանք ո՛չ Աստծուց, ո՛չ մեր եղբայրներից ու քույրերից, ո՛չ էլ մեզնից: Երբեմն լինում են բաներ, որ ինքներս մեզ չենք կարողանում խոստովանել: Իհարկե, կարիք չկա հայտարարելու բոլորին մեր սխալների մասին: Աստվածաշնչում՝ Հակոբոսի թղթում, մի խորհուրդ կա, որը մեզ կօգնի նմանօրինակ իրավիճակներում:

Հակոբոս 5.16. «Իրար խոստովանեք ձեր հանցանքները և իրար համար աղոթք արեք, որ բժշկվեք, շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով»:

Բավական է, որ գտնես մեկին, ում վստահում ես, և սիրտդ բացես նրա առջև, որպեսզի նա դառնա քո ապաշխարության վկան: Եթե քո կյանքում ինչ-որ մեղք կա, այն պետք է լույս աշխարհ հանել: Աստված չի կարող վերցնել քեզնից այն, ինչ չես տալիս Իրեն: Նա չի կարող քեզ օգնել, եթե Նրան թույլ չես տալիս մտնել քո կյանքի որևէ տարածք: Դա այնքան պարզ է, բայց այնքան բարդ է իրականացնել գործնական կյանքում: Այնքան հիասքանչ ու թեթև է, երբ թաքցնելու ոչինչ չունես: Այնքան սքանչելի է, երբ չկա մի այնպիսի բան, որի համար չես կարող հաշվետվություն տալ Աստծուն կամ մարդկանց: Այնքան ազատ է կյանքը, երբ կարող ես պատասխան տալ ամեն ինչի համար` կյանքիդ ցանկացած բնագավառի, մանրուքի, մտքի: Դա մեծ երանություն և իսկական ազատություն է: 

Ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր դեռևս ինչ-որ բան են թաքցնում: Վերջերս խորհում էի և մի կարևոր բան հասկացա. իզուր չէր, որ Հիսուսը նույնպես մերկ էր խաչված: Հրեական մշակույթում մարմինը մերկացնելն ամոթ էր: Դա ստորացման նշան էր: Այդ պատճառով մահապատժի ժամանակ հանցագործներին ամբողջությամբ մերկ էին գամում՝ նրանց խայտառակելու համար: Ես հասկացա, որ մեր մերկ, անպաշտպան լինելու ամոթը նույնպես գամվեց խաչին: Հիսուսը դա կրեց մեր մեղքերի, արատների,  տկարությունների և հիվանդությունների հետ: Եվ եթե սատանան քեզ  հակառակն է ասում, մի՛ լսիր նրան: Հիսուսը մեր ամոթն ամբողջությամբ խաչին գամեց, որի շնորհիվ մենք կարող ենք մաքուր լինել: Միայն այս ճանապարհով քրիստոնյաները կարող են մաքուր և ազատ լինել, եթե իրենց կյանքը լիովին բացեն Աստծո առջև: Ազատության մեջ ապրելու այլ ուղի չկա: Աստված լույս է, և Նրա մեջ ոչ մի խավար չկա: Եթե մենք մերկանում ենք Աստծո առջև, բժշկվում ենք Աստծո Խոսքով՝ այդ մաքուր ջրով, որը հոսում է լեռան գագաթից: Մենք բժշկվում ենք Աստծո սիրով, որն արևի պես տաքացնում, սնում և աճեցնում է մեզ: Եթե Սուրբ Հոգու քամուն թույլ ենք տալիս սպիացնել մեր վերքերը, դրանց փոխարեն նոր փետուրներ կաճեն, իսկ ամեն նորը նոր ուժ կտա: Աստված ամեն բան նոր է անում: Եթե Նրան թույլ տանք, որ նորոգի մեր կյանքը, միշտ երիտասարդ կլինենք, որովհետև մեզ ոչինչ չի ծանրաբեռնի: Աստծո մեջ ծերուկներ չկան: Հաճախ ես մի ոտքի վրա ցատկում եմ աստիճաններով, և երեխաներս ինձ ասում են. «Մայրի՛կ, կամաց: Մենք ամաչում ենք…»: Ես պատասխանում եմ, որ ամաչելու պատճառ չունեմ: Զարմանում եմ` որտեղի՞ց ինձ այդ ազատությունը: Երբ ես խաղաղություն ունեմ Աստծո հետ, ինձ կրկնակի երիտասարդ եմ զգում, ինչը և ձեզ եմ ցանկանում: Ցավոք, ես այնքա՜ն երիտասարդ ծերուկների եմ հանդիպել…: Եվ այնքա՜ն ցավալի է ինձ համար, որ այդ երիտասարդներն ապրում են բեռնավորված. նրանք փակ են, մերժվածության վախ ունեն, մտածում են, թե մարդիկ իրենցից երես կթեքեն և իրենց կարհամարհեն, եթե իրենք բացվեն նրանց առջև: Նրանք փոխհարաբերություն չունեն Աստծո հետ և չեն կարող այդ ամենը պատմել Աստծուն: Հպարտությունը և վախը թույլ չեն տալիս, որ նրանք օգնության դիմեն, այդ պատճառով նրանց անհնար է օգնել:

Ցանկանում եմ ևս մի բան ասել արծիվների մասին. նրանց  նորոգումը տեղի է ունենում պարզ և բնական ձևով, երբ փետրավորումը հնանում և մաշվում է, բայց կան դեպքեր, երբ արծիվը վիրավոր է: Նա կարող է վիրավորվել ուրիշ գիշատիչ թռչունների հետ ընդհարման ժամանակ: Վիրավոր արծիվը պառկում է գետնին, չի կարողանում թռչել և ինքնուրույն սնունդ հայթայթել: Այդ ժամանակ հայտնվում է արծվային եղբայրությունը: Արծիվներից մեկը, տեսնելով ընկածին, թռչում, հավաքում է մյուսներին, և նրանք միասին սկսում են պտտվել նրա շուրջը, իրենց կտուցներով կերակուր և ջուր են բերում նրա համար, կերակրում և խմեցնում են նրան: Նրանք արյունոտ թարմ միս են բերում, որը շատ լավ օրինակ է մեզ համար, որովհետև միայն արյունոտ թարմ կերակուրը՝  Աստծո Խոսքը, որ միշտ թարմ է, և Հիսուսի արյունը, որ հոսում է Գողգոթյան խաչից, կարող է մեզ վերականգնել: Բայց ի՞նչ է անում այդ հիվանդ, վիրավոր արծիվը: Կա մի արտահայտություն, որին միանգամայն համաձայն եմ` վիրավորը միշտ վիրավորում է ուրիշներին: Եթե  տեսնում ես, որ ինչ-որ մեկը վիրավորում է ուրիշներին, իմացիր, որ առաջին հերթին ինքն է վիրավոր: Վիրավոր արծիվը ինքնապաշտպանական բնազդով սկսում է կտցահարել նրանց, ովքեր գալիս են՝ օգնելու իրեն: Ամենասարսափելին այն է, որ նա ձգտում է կտցահարել հենց ամենացավոտ և խոցելի մասը` աչքը: Արծիվներն այդպես են վարվում անգիտակցաբար, ուղղակի այն պատճառով, որ ցավ են զգում: Շատ մարդիկ այդ նույն ձևով են վարվում, որովհետև չբուժված վերքեր ունեն: Նրանք վիրավորում են ուրիշներին՝ նույնիսկ չգիտակցելով, թե ինչ են անում: Եվ ահա, վիրավոր արծիվն սկսում է կտցահարել օգնության շտապող իր եղբայրների աչքերը: Բայց Աստված հոգացել է ամեն ինչի մասին: Արծվի աստվածային բնության մեջ կա ևս մի կարևոր բան` լրացուցիչ կոպ, որը լինզայի նման թափանցիկ է և շատ ամուր: Եթե նույնիսկ կտցահարեն արծվի աչքը, այդ երկրորդ կոպը թույլ չի տա, որ աչքը վնասվի: Փրկարար արծիվներն այդ կոպով փակում են իրենց աչքերը և օգնության թռչում: Նրանք թույլ են տալիս, որ իրենց կտցահարեն, բայց ծառայում են նրան, ով վիրավոր ընկած է: Որոշ ժամանակ հետո վիրավոր արծիվը հնազանդվում է, սկսում է ընդունել օգնությունը`ուտել արյունոտ թարմ միսը և ջուր խմել: Գալիս է ժամանակը, որ նա բժշկություն է ստանում և կրկին թռչում:

Արծիվները երբեք չեն թողնում իրենց եղբայրակիցներին՝ ի տարբերություն գիշանգղերի, որոնց մասին սկզբում հիշատակեցի: Վերջիններս  միշտ սպանում են իրենց եղբայրներին: Նրանք սպանում են նրան, ով տուժել է և վիրավոր է, իսկ մի քանի օր անց, երբ միսը փտում է, վերադառնում են և ուտում: Այդ թռչուններն ուրախանում են ուրիշի խնդիրների վրա, որովհետև նոր կերակուր կունենան: Այնքան եմ ուզում, որ Աստծո արծիվների երամի մեջ երբեք գիշանգղեր չլինեն:

Մենք` բոլորս, որ ապրում ենք վերջին ժամանակներում,  պետք է զարգացնենք մեր մեջ Աստծուց տրված մարգարեական օծությունը՝ այդ բարձրությունը, որի վրա կարող ենք բարձրանալ հոգու մեջ, որպեսզի բեռնավորված չլինենք այս աշխարհի ունայնությամբ:

Մենք պետք է զարգացնենք մեր մեջ հանդիպակաց քամու ժամանակ թռչելու ունակությունը՝ գործածելով դիմակայության ուժը: Մենք պետք է զարգացնենք մեր մեջ մեր փոքրիկ «արծիվներին» աճեցնելու ունակությունը, մեր վիրավոր եղբայրներին խնամելու պատրաստակամությունը՝ չնայած, որ նրանք ակտիվորեն հակառակվում են և նույնիսկ փորձում մեզ ցավ պատճառել: Մենք պետք է ապրենք՝ ունենալով թագավորական հատկանիշներ և արժանապատվություն: Մեր հոգևոր կյանքը պետք է բարձունքի վրա լինի: Եթե մենք սովորենք և անենք այս ամենը, Եկեղեցին, իրականում, շատ արագ կարող է փոխել աշխարհը: Սիրով և հոգատարությամբ՝ մենք կկարողանանք շատ հոգիներ նվաճել Աստծո արքայության համար: 

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00